ՀԷՑ-ը խլելու մղումն այնքան հզոր է, որ իշխանությունը ոչ մի բանի առաջ չի կանգնում` անգամ պետական կարևոր կառույցը` Վերահսկողական ծառայությունը քանդելու առաջ: Այս մասին գրում է «Հրապարակը»՝ նշելով, որ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն իր հետ ՀԷՑ է տարել ՊՎԾ մեծ թվով կադրերի։
Ըստ ՊՎԾ պաշտոնական կայքէջի՝ այս պահին կառույցը չունի խոսնակ, թափուր են ծառայության ղեկավարի երկու խորհրդականի, մեկ օգնականի, տնտեսական ոլորտի վերահսկողության պետի, հանրային կապերի բաժնի պատասխանատուի հաստիքները:
«Հարցին` երբվանի՞ց են այս հաստիքները մնացել թափուր, Ռոմանոս Պետրոսյա՞նն է իր հետ տարել այս կադրերին, ՊՎԾ-ից ասացին, որ չեն կարող մեր հարցին պատասխանել` «եթե կայքում նշված է, որ տեղերը թափուր են, ուրեմն դրանք իսկապես թափուր են»,- գրում է թերթը:
Նշենք, որ մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում այն մասին, որ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումով ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսվել, ՀԷՑ-ի ղեկավար կազմին ազատում են աշխատանքից` փոխարինելով ՔՊ-ական անփորձ կադրերով: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր նաև ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Ղազինյանը նշել էր, որ ամբողջ ղեկավար կազմին ազատելով՝ գլխատում են ՀԷՑ-ը։ Նրա տեղեկություններով՝ 45-50 անձ է ազատվել աշխատանքից, ու նրանք հիմնականում ղեկավար կազմից են։ Բացի ազատումներից, ըստ Ղազինյանի, բազմաթիվ աշխատակիցներ, չդիմանալով ճնշումներին, ինքնակամ են դիմում գրում։
Sputnik Արմենիա