Логотип

ՀԷՑ-ում ԱԱԾ-ով են սպառնում նախկին ղեկավարների հետ կապ ունեցողներին

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) աշխատակազմին զգուշացրել են, որ ԱԱԾ-ն հետևում է նրանց հեռախոսազրույցներին ու համակարգչային շփումներին, և ղեկավարներն արագ իմանալու են՝ ով է շարունակում կապ պահել նախկին ղեկավարության հետ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ թերթի՝ նրանց նաև սպառնացել են պատժել կառույցից արտահոսք կազմակերպելու դեպքում։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն աշխատակազմի ղեկավար կազմից տասնյակ անձանց է ազատել, որոնց մեծ մասը դիմել է դատարան, և շուտով քննություն կսկսվի, նշել է թերթը:

Լրատվականի տեղեկությամբ՝ ոմանց առաջարկել են անդամագրվել «Քաղաքացիական պայմանագրին», որ աշխատանքը չկորցնեն: Նշվում է նաև, որ ընկերություն մեծ թվով ՔՊ համակիրների, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեծանիվ վարողների են ընդունել աշխատանքի:

Հուլիսի 18-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։

Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։

Armenia Today