Логотип

ՀԺՄ․ Պահանջում ենք ԱԺ-ից հետ կանչել «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ օրինագիծը

Հայաստանի ժուռնալիստների միությունը պահանջում է Ազգային ժողովից հետ կանչել «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ օրինագիծը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։

«Հանրային հեռարձակողների կազմից դուրս թողնելով «Շողակաթ» հեռուստաընկերությանը` իշխանությունը լուծում է ոչ միայն եկեղեցուն ևս մեկ հարված հասցնելու իրավիճակային խնդիր, այլ փորձում է սահմանափակել եզակի հեռուստաընկերության սփռումը, որը հետևողականորեն զբաղված է հոգևոր, ազգային արժեքների պահպանմամբ ու պրոֆեսիոնալ մատուցմամբ»,– ասված է Հայաստանի ժուռնալիստների միության տարածած հայտարարության մեջ։

Միությունը կարծում է, որ Հանրային հեռարձակողների կազմի փոփոխությունը գործող իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ վարվող պայքարի տրամաբանական շարունակությունն է։

«Դրա հիմքերը դրվել էին շատ ավելի վաղ, երբ բացահայտորեն սկսվել էր ազգային արժեքների, հայկական ինքնության դեմ ամենաբարձր մակարդակով հովանավորվող քարոզչությունը»,– նշված է հայտարարության մեջ:

Միությունից ընդգծում են, որ «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ ուղղված այս քայլը բազմապատիկ դատապարտելի է, քանի որ Հայ առաքելական եկեղեցու հետ կապ ունեցող հեռուստաընկերությունը պահպանել է իր քաղաքական զսպվածությունն ու բացառապես հոգևոր–մշակութային, կրթական ուղղվածությունը` անգամ ՀԱԵ–ի դեմ ամենալկտի գործողությունների պայմաններում:

«Այն, ինչը հակոտնյա է գործող իշխանության որդեգրած անարժեք, հակաազգային քաղաքականությանը»,– ընդգծել են ՀԺՄ–ից:

Հայաստանի ժուռնալիստների միությունը լրագրողական համայնքին, մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպություններին միությունը հորդորում է գործուն միջոցներով պաշտպանել «Շողակաթ» հեռուստաընկերության՝ Հանրային հեռարձակողների շարքում մնալու իրավունքը:

Հիշեցնենք` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու օրենսդրական նախաձեռնությունը արշավ է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև հայ ժողովրդի դեմ, քանի որ նա զրկվում է կրթական, մշակութային ուղղվածության հաղորդումներից։