«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի աշխատանքից ազատմանը և նշել, որ տեղի ունեցածն իր համար կարմիր գիծ է։
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն աշխատանքից ազատվել է միայն նրա համար, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսին պատմել է տարբեր տարիներին Ադրբեջանի կողմից հայերի ջարդերի մասին, փոխանցել է գրքեր Արցախի խնդրի ու Հայոց ցեղասպանության մասին։
Մի պահ մտածեք այս մասին։ Պրոֆեսիոնալ մարդ։ Պրոֆեսիոնալ միջավայր։ Պրոֆեսիոնալ ժեստ։ Եվ՝ ազատում աշխատանքից վարչապետի անձնական ցուցումով։
Փաշինյանը սա անվանեց «պրովոկացիա» և «արտաքին քաղաքականությանը հակասող գործողություն»։ Բայց Ցեղասպանության թանգարանն արտաքին գործերի նախարարություն չէ։ Թանգարանի առաքելությունը հենց հիշողություն պահպանելն ու փոխանցելն է։ Հիշողությունը չի կարող լինել պրովոկացիա, խաղաղության խոչընդոտ:
Այստեղ է ինձ համար կարմիր գիծը` ոչ թե մասնագետների նկատմամբ քաղաքական ճնշումներ, անձնիշխանություն ու կուսակցապետություն, այլ երկրի ներսում իրավունքներ և ազատություններ, ինստիտուտների անկախություն: Պետք է անհնար լինեն այն իրավիճակները, երբ թանգարանի տնօրենին կարող են ազատել աշխատանքից միայն այն բանի համար, որ տնօրենը պրոֆեսիոնալ է ու հայրենասեր:
Դեպի Եվրոպա ճանապարհը կլինի ավելի կարճ և արժանապատիվ, եթե այն առաջնորդի այնպիսի ղեկավար, որը հասկանում է․ եվրոպական արժեքները չեն սկսվում Ստրասբուրգում։ Դրանք սկսվում են Երևանում։ Այդ թվում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»,–գրել է Թաթոյանը։
News.am
