Ամերիկյան մոդուլային ռեակտորն ունի առավելություններ, որոնք այն գրավիչ են դարձնում Հայաստանի համար։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Նա պարզաբանել է, որ առաջին առավելությունն այն է, որ արտակարգ իրավիճակի դեպքում ռեակտորի սառեցման համար մարդու միջամտություն չի պահանջվում: Մեսրոպյանը հավելել է, որ երկրորդ առավելությունն այն է, որ սարքավորումների 80-90%-ն արտադրվում է գործարանում և այս կամ այն երկրում հավաքվում է «Լեգոյի» սկզբունքով:
Նա ոչ բնականոն է համարել այն փաստը, որ վերջին ամիսներին մոդուլային ԱԷԿ-ի կառուցման մասին խոսում են բացառապես քաղաքական գործիչներն ու քաղաքական վերլուծաբանները, մինչդեռ անհրաժեշտ է, որ իրենց կարծիքն արտահայտեն փորձագետները: Պատասխանելով այն քննադատությանը, թե ԱՄՆ-ն առաջին անգամ մոդուլային ԱԷԿ է պատրաստվում կառուցել Հայաստանում և այն վերածել «փորձաճագարի»՝ պաշտոնյան պարզաբանել է, որ այդ հայտարարություններին լուրջ չի վերաբերվում: «Առնվազն 15 երկրում 51 մոդուլային ռեակտոր է կառուցվում», – հայտնել է Մեսրոպյանը:
Նա անընդունելի է անվանել դեռևս չիրականացված գաղափարի քննադատությունը, որը հիմնված է փխրուն ենթադրությունների վրա։ «Անվտանգության տեսանկյունից այս կայաններն ավելի բարձր դասի են, քան նրանք, որոնք մենք այսօր ունենք։ Մոդուլային կայաններն ավելի ճկուն են և դրանց աշխատանքն ավելի արդյունավետ է», – վստահեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահը։
Պաշտոնյան հիշեցրել է, որ գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետը պետք է երկարաձգվի մինչև 2036 թվականը, իսկ հնարավոր է՝ դրանից հետո ևս 10-15 տարով, և Հայաստանն այդ ընթացքում պետք է կողմնորոշվի այս հարցում։
Նա վստահեցրել է, որ այն ժամանակահատվածում, երբ Մեծամորի ԱԷԿ-ը կանգնի վերանորոգման նախատեսվածից երեք ամիս ավելի ուշ, Հայաստանում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չի լինի։ Մեսրոպյանը պարզաբանել է, որ այդ պակասուրդը կփոխհատուցվի այլ էլեկտրակայանների պաշարների հաշվին։
News.am
