Логотип

ՀԾԿՀ-ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկեց ՀԷՑ-ի լիցենզիայից

ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկեց ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ նման որոշում կայացրեց 3 օր տևած քննարկումից հետո։

Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ բաժանորդների հաշիվներին կցվել է մոտավորապես 134,8 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ որոշ բաժանորդների դեպքում հակառակը` հաշիվները հաշվի չեն առնվել (թաքցվել է 11,3 հազար կՎտ/ժ)։ Հանձնաժողովի որոշման մեկ այլ կետում խոսվում է նոր բաժանորդների միացման ժամկետանց մի քանի հազար դեպքերի մասին։ Հաջորդ կետի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» վարկային երաշխիքներ են տրամադրել փոխկապակցված ընկերություններին («Արմհոլդինգ», «Տաշիր կապիտալ» և այլն)՝ ընդհանուր մոտ $690 միլիոնի չափով, սակայն այդ մասին չեն տեղեկացրել հանձնաժողովին (չնայած պարտավոր էին դա անել, քանի որ այդ ընկերությունների կողմից վարկերը չմարելու դեպքում ՀԷՑ-ը պատասխանատու կլիներ ընկերության գույքով, այսինքն՝ հանրապետության բաշխիչ ցանցով) և չեն ստացել հանձնաժողովի համաձայնությունը։

Այս կապակցությամբ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ հունիսի 1-ի դրությամբ գործող երաշխիքների ծավալը կրճատվել է մինչև $211 միլիոն, իսկ սեպտեմբերի սկզբին՝ $50 միլիոն (գումարը կրճատվում է վարկերի մարմանը զուգահեռ)։ Գրանցվել է նաև էլեկտրամատակարարման ցուցանիշների վատթարացում 2025 թվականի I և II եռամսյակներում (2024 թվականի նույն ժամանակահատվածների համեմատ). անջատումների միջին տևողությունն աճել է 4,2%-ով, իսկ միջին հաճախականությունը՝ 8,15%-ով։ Որոշման մեջ նշվում է, որ «Տաշիր կապիտալը» բողոքարկել է կառավարչի նշանակումը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։

Մինչ որոշման հրապարակումը «Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբաններից Ամրամ Մակինյանը կարևորեց գնահատելը, թե ՀԾԿՀ–ի՝ «Տաշիր Կապիտալի» դեմ սկսած գործընթացը որքանով է իրականացվում ՀՀ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համահունչ։

«Յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ ունի գույքից անարգել օգտվելու իրավունք, ոչ ոք չի կարող զրկել նրան գույքից, և կա բացառություն, որ ի շահ հանրության և պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և բխում են միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներից։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18 –րդ հոդվածի լույսի ներքո գալիս ենք այն եզրակացության, որ սահմանափակումն իրավաչափ լինելու համար միայն այս նպատակը պետք է հետապնդի։ Ձեր վարույթը հակասում է Կոնվենցիայի 18–րդ և ՀՀ Սահմանադրության 80–րդ հոդվածներին»,– ասաց Մակինյանը։

Sputnik Արմենիա