Логотип

ՀԿԿ․ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը «Զվարթնոց»-ում կաշառք է ստացել տնտեսվարողից

ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչության պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով տնտեսվարողի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նրանից կաշառք է ստացել: Այս մասին պարզվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ, հայտնում է կոմիտեն։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հնդկաստանից Հայաստանի Հանրապետություն բնական մշակված ադամանդների ներմուծման համար պետական վերահսկողական ակտ կազմելու գործընթացում խոչընդոտներ չստեղծելու և նշված ապրանքատեսակի ներմուծման ընթացքն արագացնելու համար վերը նշված պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում կաշառք է ստացել տնտեսվարողից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

«Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- տեղեկացնում է կոմիտեն:

Factor.am