Логотип

ՀԿԿ․ Վաղարշապատում ընտրակաշառքի գործով 62 անձ է ձերբակալվել

Վաղարշապատում 2025 թ. նոյեմբերի 16–ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում ձերբակալվել է 62 անձ, որոնց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաղարշապատում 2025 թ. նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալ Մովսես Քարտաշյանը: Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ Վերջինների թվում էր «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից նշում են, որ ընտրակաշառք բաժանելու խումբը հավաքագրել է հիմնականում ՀՀԿ անդամների, որոնք հանրության շրջանում ունեցել են լայն կապեր և բազմաթիվ ծանոթներ: Այս անձինք 50–ից ավել անձանց խոստացել են 50․000–ական դրամի չափով ընտրակաշառք՝ պայմանով, որ ընտրություններին քվեարկեն «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին:

«Խմբի անդամները կատարել են դերերի հստակ բաշխում, կազմել են հավաքագրված ընտրողների ցուցակներ, իսկ ընտրության օրը հեռախոսակապի մեջ են գտնվել հավաքագրված քաղաքացիների հետ»,– նշել են կոմիտեից։

Որպես ապացույց` հահակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է նաև մի շարք հեռախոսային ձայնագրություններ։

Կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և վերցվել են ընտրակաշառք ստանալու առաջարկն ընդունած և ընտրակաշառք տալուն օժանդակած անձանց վերաբերյալ ձեռագիր գրառումներ պարունակող փաստաթղթեր, ընտրողների և ընտրատեղամասերի վերաբերյալ ցուցակներ։

Կոմիտեից նաև տեղեկացնում են, որ քրեական վարույթով ձերբակալված 62 անձանց մի մասն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ։

Ի դեպ, մեղադրյալներից մի մասի նկատմամբ վարույթն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Sputnik Արմենիա