Логотип

ՀՀԿ-Ն ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել են ինչպես տարածաշրջանային վերջին զարգացումները, այնպես էլ ներքաղաքական օրակարգի հարցեր։

«Մասնավորապես, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցին։

Հնչեցված կարծիքների և մոտեցումների հիման վրա որոշում կայացվեց շարունակել այս հարցի քննարկումները, իսկ վերջնական արդյունքների մասին համապատասխան ժամկետում տեղեկացնել հանրությանը։

Կուսակցության Գործադիր մարմինը նաև իր խորը մտահոգությունը հայտնեց քաղաքական բանտարկյալ, լրագրող և բլոգեր Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման կապակցությամբ, ով իր ապօրինի կալանավորման դեմ պայքարի շրջանակներում գտնվում է անժամկետ հացադուլի մեջ։

Վերահաստատելով իր բացարձակ համերաշխությունը ինչպես Նարեկ Սամսոնյանին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մյուս քաղբանտարկյալներին, կուսակցության Գործադիր մարմինը ընդգծեց, որ օրինական և հասանելի բոլոր միջոցներով, ներառյալ միջազգային կապերի օգտագործմամբ, պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար»,- ասվում է հայտարարությունում։

Aysor.am