ՀՀ ավիաոլորտը ԵՄ «սև ցուցակից» դեռևս դուրս չի գա, քանի որ նոր խախտումներ են հայտնաբերվել։ Այսօր՝ 2025 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ, այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Գիտեք, որ աուդիտի նոր ուսումնասիրություն էր իրականացվել 2025 թվականի ընթացքում։ Աուդիտն արձանագրել էր, որ մի քանի տարի առաջ իրականացված հիմնական խոշոր աուդիտի արդյունքում արձանագրված 40 թերությունները վերացված են, սակայն ի հայտ են եկել նոր թերություններ, որոնց շտկման ուղղությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն աշխատում է»,– ասաց Խուդաթյանը։
Հարցին, թե ինչ նոր թերությունների մասին է խոսքը, նախարարը պատասխանեց, որ դրանք տարբեր բնույթի են, անհրաժեշտ են նաև օրենսդրական և կառուցվածքային փոփոխություններ։
«Սեպտեմբերյան աուդիտից հետո արձանագրված թերությունների շուրջ 60 տոկոսն արդեն շտկված է։ Մենք շարժվում ենք մյուս հարցերը շտկելու և օր առաջ «սև ցուցակից» դուրս գալու հարցը կարգավորելու ուղղությամբ»,– նշեց Դավիթ Խուդաթյանը։
Sputnik Արմենիա
