Логотип

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն առաջիկայում կրկին կպարգևատրվեն

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն առաջիկայում կրկին կպարգևատրվեն։ Այդ մասին գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Ինչպես հայտնել ենք, որ 2026 թ. հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որով խրախուսման ֆոնդից շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ վերնախավին պարգևավճարներ տալու համար։ Այսպես՝ բաժնի պետերը ստացել են մոտ 1,5–2 միլիոն դրամ, վարչության պետերը՝ 2,5–3 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 3,5–4,5 միլիոն դրամ, իսկ նախարարները՝ մինչև 6–7 միլիոն դրամ։

«Գործադիր և օրենսդիր մարմիններում բաժանված միլիոնավոր դրամների պարգևավճարների լուրից ցնցված հանրությանը, ըստ ամենայնի, երկրորդ ցնցումն է սպասվում: Բանն այն է, որ կառավարությունում բաժանված մի քանի միլիարդ դրամ կազմող պարգևավճարները միայն 2025 թ. առաջին կիսամյակի կտրվածքով են տրվել, որն ամրագրված է նաև պաշտոնական փաստաթղթերում: Հետևաբար՝ սպասվում է նաև երկրորդ կիսամյակի համար պարգևատրումը»,– գրել է օրաթերթը։

Թերթի տեղեկություններով` դեռևս 2025 թ. հունիսին քննարկել են պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերի կտրուկ բարձրացման հարցը, սակայն քանի որ դա օրենքի շրջանակում ընթացիկ տարում հնարավոր չի եղել, որոշել են պարգևավճարների տեսքով բարձրացումը կատարել:

Միևնույն ժամանակ, ըստ «Հրապարակի», ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ այդ բարձրացումներն ամրագրվելու են օրենքով. ԱԺ-ն հաստատելու է:

«Պարզ չէ, թե ինչպես են օրենքը շրջանցելով` ինչ-որ պիլոտային ծրագիր արել: Այն, ըստ էության, «Պետական պաշտոնյաների վարձատրման մասին» ՀՀ օրենքի խախտմամբ է իրականացվել, բացառապես` բյուջեի հաշվին մի քանի հազար մարդու կաշառելու նպատակով»,– նշել է պարբերականը։

«Հրապարակն» իր հոդվածում նաև ընդգծել է` չնայած Փաշինյանն ու որոշ նախարարներ ներկայացնում էին, թե մեկ տարվա կտրվածքով են 7–8, իսկ Փաշինյանը՝ 14 միլիոն դրամ պարգևավճար ստացել, սակայն հետո Փաշինյանը հայտարարեց, որ պետական որոշման շրջանակում ամսական 1․5 մլն դրամի չափով վարձատրության ավելացում է ունեցել:

Sputnik Արմենիա