ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժանմունքում քաղաքացուն խոշտանգած ու նվաստացրած ոստիկանը կձերբակալվի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։
Ինչպես հայտնել ենք, ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է ենթադրաբար ոստիկանության բաժանմունքում օպերլիազորը խոշտանգում և հայհոյում տղամարդուն, որը, լրագրող Սյուսի Բադոյանի տեղեկություններով, ենթադրյալ հանցագործի հարազատն է։ Լրագրողը գրել էր, որ ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ, քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ: Այսօր դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով»,– նշել են դատախազությունից:
Այս հոդվածով նախատեսված է ազատազրկում՝ 4–8 տարի ժամկետով:
Նշենք, որ այս դեպքով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը փետրվարի 4–ին համապատասխան գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն` բռնություն կատարած ոստիկանության աշխատողի դեպքով քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:
