Логотип

ՀՀ-ի հաջորդ՝ փոքր մոդուլային միջուկային ռեակտորի վերաբերյալ 5 երկխոսություն կա

Հայաստանի հաջորդ՝ փոքր մոդուլային միջուկային ռեակտորի վերաբերյալ 5 երկխոսություն կա, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ կառավարությունը կայացրել է ռազմավարական որոշում, որ հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։

Վարչապետը տեղեկացրել է, որ բոլոր գործընկերներին, որոնք նման տեխնոլոգիա ունեն, ասել են, որ ուզում են ստանալ առաջարկներ։

«Այսօր նման խոսակցություն ունենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ։ Քաղաքական կոմպոնենտ չենք դնում ընդհանրապես, ասում ենք՝ կոմերցիոն շահավետության առումով որ առաջարկն է մեզ ձեռնտու և ընտրություն կատարենք՝ ըստ այդմ»,- պարզաբանել է նա։

Փաշինյանը պատմել է, որ փորձագիտական խմբերն այցելում են կամ պիտի այցելեն տարբեր տեղեր՝ տեսնելու, ուսումնասիրելու ու պարզելու։ Նա նշել է, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում պետք է որոշում կայացնեն ու պայմանագիր կնքեն, ինչը չի ունենալու աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական ենթատեքստ։

Վարչապետի պարզաբանմամբ՝ հայկական կողմն ուզում է փոքր միջուկային ռեակտոր՝ առավել լավ գնով, անվտանգ տեխնոլոգիայով և իր ներդրման հետգնման հնարավորինս կարճ ժամկետով։

Սեպտեմբերի 26-ին Փաշինյանը Կրեմլում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) աշխատանքը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին առաջարկել ատոմային էներգաբլոկների լայն տեսականի՝ սկսած փոքր հզորության մոդուլային բլոկներից մինչև խոշոր ռեակտորներ։

Armenia Today