Логотип

ՀՀ-ն կմասնակցի ԵՄ անվտանգության միջոցառումներին. ԱԺ-ն համաձայնագիր վավերացրեց

Հայաստանը կմասնակցի Եվրամիության անվտանգության միջոցառումներին։ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ժամանակ 55 կողմ, 0 դեմ, 24 ձեռնպահ ձայներով ընդունեց «ՀՀ և ԵՄ միջև եվրոպական ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նշեց, որ 2025 թ. հունիսի 30–ին ստորագրված համաձայնագրով սահմանվում է Հայաստանի մասնակցության պայմանները` լավագույնս օգտագործելով ԵՄ փորձը և գիտելիքները։

«Համաձայնագրով Հայաստանը կլինի ոչ միայն անվտանգության հարցերով սպառող, այլև կաջակցի անվտանգային միջոցառումներին, որոնք մեր եվրոպացի գործընկերները կիրականացնեն»,– հայտարարեց փոխնախարարը։

Նա նշեց, որ այս համաձայնագրի շրջանակում գործում են ԵՄ 20 առաքելություններ, որոնց մանդատը սահմանված է կա՛մ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի համապատասխան որոշումներով, կա՛մ այս առաքելությունները գործում են տվյալ երկրի հրավերով։

Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա Կոստանյանը նշեց, որ ԱԳՆ–ն չի բյուջետավորել Հայաստանի մասնակցության վերաբերյալ ծախսերը, քանի որ այս պահին կարևորը համագործակցության օրենսդրական շրջանակը ստեղծելն էր։

«Անհրաժեշտության դեպքում կարող է օգնել կառավարության պահուստային ֆոնդը»,– նշեց նա։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե որ երկրները նման համաձայնագիր ունեն ԵՄ–ի հետ, արդյոք նրանց թվում կան ՀԱՊԿ անդամ երկրներ, և ԵՄ–ի հետ ռազմական բլոկի համագործակցությունը կոնկրետ ինչ է իրենից ներկայացնում։

«Ի՞նչն է խանգարում ՀՀ–ին, որ մասնակցի նման նախաձեռնություններին, սակայն նման պայմանագրերի կնքումը պարտադիր չլինի»,– փոխնախարարին հարց ուղղեց Մինասյանը։

Նա նաև նշեց, որ համաձայնագրի տեքստում ոչ միայն վրիպակներ կան, այլև հայերեն թարգմանության հետ կապված անորոշության բարձր աստիճան, որը իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց է ու տարընկալումների տեղիք է տալու։

Ի պատասխան Կոստանյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է քաղաքացիական առաքելության իրականացում, և այս դեպքում խոսքը վերաբերում է ԵՄ–ին մեր կողմից աջակցության մասին։

«Մեր նախնական ընկալումներն առավելապես վերաբերում են քաղաքացիական առաքելությունների մասնակցությանը։ Ինչ վերաբերում է նրան, թե էլ որ երկրներն են միացել համաձայնագրին, ապա Կանադան, Շվեյցարիան, Նորվեգիան ունեն ԵՄ–ի հետ նմանատիպ պայմանագրեր։ ՀԱՊԿ–ն նման համաձայնագրեր չունի ԵՄ–ի հետի։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ստեղծել իրավապայմանագրային բազա` ընդլայնելու մեր համագործակցությունը ԵՄ–ի հետ, ու չգնալ հատուկ որոշումների կայացման ուղով»,– հայտարարեց փոխնախարարը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն էլ հավելեց` համաձայնագիրը վերաբերում է այն գործողություններին, որոնք ներառում են զինաթափման, մարդասիրական, փրկարարական գործողություններ, ռազմական խորհրդատվություն, հակամարտության կանխարգելման, խաղաղապահ գործողություններ, ճգնաժամերի կառավարման շրջանակում մարտական ուժերի առաջադրանքներ և այլն, որոնց շրջանակում կարող են տեղի ունենալ ռազմական առաքելություններ, մնացածը կարող է տեղի ունենալ առանձին որոշումներով։

«Սա շատ կարևոր քայլ է մեր պետության ներկայանալիության, ճանաչելիության, վստահության հետ կապված, որ մենք անընդհատ չլինենք ուզվորի դերում, որ անընդհատ գնանք ու խնդրենք և ոչ մի բան չտանք։ Բա մենք մի բան չտա՞նք, որ խնդրելու տեղն էլ մի բան խնդրենք»,– հայտարարեց նա։

ԱԺ արտահերթ նիստը տևեց մոտ մեկ ժամ. ելույթների և հարցերի ժամանակահատվածը սահմանափակ էր, քանի որ այս համաձայնագիրը ԱԺ էր ներկայացվել անհետաձգելի քննարկման ռեժիմով։

Sputnik Արմենիա