Логотип

ՀՀ-ն հենց այսօր պատրաստ է տարանցման ճանապարհ տալ. Փաշինյանը գովել է Ալիևին

Հայաստանը հենց այսօր էլ պատրաստ է իր տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Այսօր Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև Ալիևի հայտարարությանը։

Ալիևը հոկտեմբերի 21-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը:

«Չափազանց կարևոր հայտարարություն է։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով ՀՀ է ներմուծվում հացահատիկ։ Այս գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերն ուղղել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին»,- ասաց Փաշինյանը։

Նա մեջբերեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի 4-րդ կետը, որը ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի մասին է, և հավելեց` այժմ ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ աշխատում է այս պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար։

«Ուրախ եմ նաև արձանագրել, որ Թուրքիայի հետ ՀՀ-ի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք առաջիկայում կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ։ Բայց մինչ այդ նշեմ, որ մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ ճանապարհային ենթակառուցվածքները պատրաստ են դրան՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հավելեց, որ քաղաքական առումով ՀՀ-ն պատրաստ է ճանապարհ ապահովել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից դեպի Ադրբեջան և հակառակը, սակայն տեխնիկապես ենթակառուցվածքները դեռևս պատրաստ չեն։ Միևնույն ժամանակ Փաշինյանը ընդգծեց, որ այս ամենը կյանքի կոչելու կարևոր պայմանը խաղաղությունն է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքներով հաստատվեց ՀՀ–ի և Ադրբեջանի միջև։

Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, ղազախական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան կմտնի Ակտաու–Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով։

Sputnik Արմենիա