Логотип

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն պատրաստակամ են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համաձայնագիր ստորագրել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոյի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր:

Արարատ Միրզոյանը և Թոմաս Դինանոն գոհունակությամբ նշել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի կապակցությամբ՝ ընդգծելով համապատասխան ձևաչափով համաձայնագրի ստորագրման և ոլորոտում հետագա փոխգործակցության պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի:

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: