Логотип

ՀՀ-ում դաշինքների անվանումների սահմանափակման մասին նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

66 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ 1–ին ընթերցմամբ ընդունվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է, իրենց բնորոշմամբ, տեխնիկական վրիպակն ուղղել օրենսգրքում, ըստ որի` կուսակցությունների, դաշինքների անվանումները չպետք է անձնավորվեն։

ՔՊ–ն չի թաքցնում, որ այս վրիպակի մասին իմացել են մի քանի օր առաջ ու որոշել են հրատապության կարգով` 24–ժամյա ռեժիմով, քննարկել ու ընդունել այն։

Հրատապությամբ են որոշել այս նախագիծը, քանի որ ապրիլի 13–ից արդեն իսկ սկսվում է կուսակցությունների և դաշինքների գրանցումը։

Խորհրդարանական ընդդիմությունը սա համարում է անընդունելի մոտեցում, հատկապես երբ կա Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանին տրված է խորհրդատվություն, ըստ որի` ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ խաղի կանոններ չպետք է փոխվեն։

Ի դեպ, «Պատիվ ունեմ» խմբակցությունն անիմաստ է համարել այս նախագծի բովանդակության շուրջ քննարկումը, այդ իսկ պատճառով նրանք չմասնակցեցին քվեարկությանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս հարցի քվեարկությունը 20 րոպե ընդմիջում էր վերցրել։ Համացանցում հրապարակված կադրերից երևում է, որ խմբակցության պատգամավորների քանակը բավարար չէր` քվեարկությունն անցկացնելու համար։ ՔՊ–ի խնդրած 20 րոպեն տևեց մեկ ժամից ավելի։

Sputnik Արմենիա