Логотип

ՀՀ-ում կասեցվել է այս տարվա ընթացքում 4-րդ հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունը

Հայաստանում կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն 4-րդ հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները հանցավոր «Զանգերի կենտրոնում» անսպասելի խուզարկություն են իրականացրել նոյեմբերի 20-ին:

Մինչ այդ պարզվել էր, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, վարձակալել են Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործող կոմերցիոն նշանակության շինության գրասենյակային տարածք, կահավորել որպես հանցավոր «Զանգերի կենտրոն» և իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ:

«Հանցավոր կազմակերպության անդամներն իրավապահ մարմինների օպերատիվ տեսադաշտում չհայտնվելու նպատակով նախապես արտաքինից քողարկել էին հիշյալ տարածքը, ձեռնարկել անվտանգության միջոցներ, ինչից հետո միայն իրականացրել անձանց հավաքագրում և հանցավոր գործունեության մեխանիզմի յուրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ: Այսպիսով՝ ապահովել էին համացանցային հեռախոսազանգերի և հեռահար հասանելիությամբ օգտագործվող համակարգիչների կիրառմամբ օտարերկրյա պետություններում գտնվող քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակության համար բարենպաստ պայմաններ»,– ասված է հաղորդագրությունում։

Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունը, յուրաքանչյուրին վերապահված դերակատարումը, վերջիններիս կողմից համացանցում կիրառվող կեղծ հարթակների տվյալները և հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների համար օգտագործվող կրիպտոակտիվային դրամապանակների վերաբերյալ տեղեկությունները:

Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամներ, որոնք Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներ են, ինչպես նաև նրանց օգտագործած համակարգչային տեխնիկան:

Ձեռք բերված փաստական տվյալների շրջանակում Քննչական կոմիտեում իրականացվում են համապատասխան վարույթային գործողություններ՝ հանցավոր կազմակերպությունում ներգրավված բոլոր անձանց քրեադատավարական կարգավիճակը որոշելու ուղղությամբ: Քրեական ոստիկանությունն էլ իրականացնում է ակտիվ համագործակցություն օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ` հանցավոր կազմակերպության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:

Ի դեպ, նման հանցավոր կազմակերպությունների հայտնաբերման ուղղությամբ միջոցառումները շարունակական են:

ՆԳՆ–ն քաղաքացիներին հորդորում է կասկածելի գործունեություն ծավալող կազմակերպություններից աշխատանքի հրավեր ստանալիս լինել առավելագույնս զգոն, քանի որ նման «Զանգերի կենտրոնների» գործունեությանը մասնակցությունը հանգեցնում է քրեական պատասխանատվության:

Sputnik Արմենիա