Логотип

ՀՀ-ՈՒՄ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ ԵՎ ԴՈՑԵՆՏՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ. ՓՈՐՁԱԳԵՏԸ` ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանում չեն լինի պրոֆեսորներ և դոցենտներ, որովհետև այդ կոչումների համար օրինական հիմք այլևս չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը` մեկնաբանելով ԱԺ–ում ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը։

Բանն այն է, որ մինչ այդ օրենքի ընդունումը ՀՀ–ում գիտական աստիճանների և գիտական կոչումների շնորհումը կարգավորվում էր «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության» և «Գիտությունների ազգային ակադեմիայի» մասին օրենքներով։

Սեպտեմբերի 11-ին ընդունված օրենքը միավորել է այս բոլոր օրենքները` այն տարբերությամբ, որ նախկին գիտական կոչումների ու աստիճանների փոխարեն դրանում նախատեսված են միայն գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական կոչումները։

«Չգիտեմ` պատահաբար, թե առանց հասկանալու, գուցե նաև միտումնավոր ընդհանրապես դուրս են թողել գիտական կոչումներին վերաբերող հոդվածները։ Եվ հիմա Հայաստանի օրենսդրության մեջ որևէ փաստաթուղթ չկա, որ սահմանի, օրինակ, թե ինչ է նշանակում պրոֆեսոր, ինչ է նշանակում դոցենտ։ Միաժամանակ առանձին հոդվածով գրված է, որ այն պահից, երբ օրենքը կմտնի ուժի մեջ, բոլոր նրանք, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճան, հավասարեցվում են դոկտորի աստիճանին։ Այսինքն՝ Հայաստանում լինելու է, գործելու է ընդամենը 1 գիտական աստիճան, դա դոկտորի աստիճանն է, «գիտություններ» բառն այլևս չկա, դոկտորի աստիճանն է, և վերջ»,– ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով` գիտական կոչումների վերացմամբ Հայաստանում վերանալու է գիտության աստիճանակարգով բարձրանալու ձգտումը։ Նման բացասական փորձ ունեն Վրաստանն ու Ղազախստանը, որտեղ մտածում են նախկին կարգին վերադառնալու մասին։

«ՀՀ Սահմանադրության մեջ հատուկ կետ կա, որ որևէ բան դու չես կարող սահմանել ենթաօրենսդրական ակտերով, եթե օրենքում այդ մասին գրված չէ։ Հիմա մենք գիտական կոչումների առումով հենց այդ դեպքին ենք հանդիպել, երբ օրենքից դուրս է մնացել գիտական կոչումների մասը, և կառավարության որևէ որոշում չի կարող գալ և սահմանել` ինչ է դոցենտը կամ պրոֆեսորը։ Այսինքն՝ միակ տարբերակը, որով կարելի է վերականգնել գիտական կոչումները Հայաստանում, դա դեռևս ուժի մեջ չմտած օրենքում փոփոխություն անելն է»,– նշեց փորձագետը։

ՀՀ–ում ընդունված նոր օրենքը հայաստանցի գիտնականներին զրկում է նաև միջազգային համագործակցության իրավունքից, քանի որ նրանք այլևս չեն կարողանա դիմել, օրինակ, պրոֆեսորի կոչում պահանջող պաշտոնում աշխատելու համար։ Իսկ դոկտորի կոչումով նրանց կարգավիճակը փաստորեն իջեցվում է, և հայ գիտնականը չի կարող հավասարը հավասարի դիտարկվել արտասահմանյան այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում` Ռուսաստանի։

Sputnik Արմենիա