Հնարավոր է` Հայաստանի պետական գնումների ընթացակարգերում արհեստական բանականություն կիրառվի։ Այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը պետգնումների մոնիտորինգի վերաբերյալ քննարկման ժամանակ՝ ներկայացնելով ոլորտին վերաբերող փոփոխությունների նախագիծը։
Օրինագծերի փաթեթը հնարավորություն կտա, որ պետական գերատեսչությունները արհեստական բանականություն կիրառեն մրցութային պահանջներ կազմելիս կամ մրցույթներին մասնակցելու համար հայտեր ներկայացրած ընկերություններին ստուգելիս։ Դրա համար մանրամասն ընթացակարգեր կմշակի կառավարությունը։
«Հեռանկարում հնարավոր է` արհեստական բանականությունն ամբողջությամբ փոխարինի ֆինանսների նախարարության պետգնումների համակարգը», – հայտարարեց Ավանեսյանը։
Նա հավելեց, որ այդ համակարգի աշխատակիցները փորձնական մրցութային հայտեր են կազմել արհեստական բանականության համակարգերի անվճար տարբերակների օգնությամբ, և արդյունքները մոտ են եղել մարդկանց կազմածներին։
Պետական գնումների համակարգում արհեստական բանականությունը կառաջարկվի ոչ թե որպես միակ, այլ լրացուցիչ գործիք՝ մրցույթների ժամանակ ծանոթության գործոնից խուսափելու համար
«Սկզբում մենք արհեստական բանականությունը կփորձարկենք համեմատաբար պարզ ապրանքների և ծառայությունների համար», – հավելեց փոխնախարարը։
Այլ փոփոխությունների շարքում նախատեսվում են միջոցներ աշխատանքների արհեստական ձգձգումները կանխելու համար: Փոխնախարարը նշեց, որ այժմ տարածված են դեպքերը, երբ մրցույթում պարտված մասնակիցները բողոքարկում են արդյունքները դատարանում կամ պարզապես սպառնում են դատարան դիմել՝ օգտվելով այն փաստից, որ մրցույթային աշխատանքները չեն կարող սկսվել, քանի դեռ բոլոր մասնակիցների բողոքները չեն ուսումնասիրվել: Ուստի, եթե պետությունը դատի տա նրանց, նրանք կարող են մի շարք ծրագրեր թերակատարել: Հետևաբար առաջարկվել է մեծածավալ աշխատանքները չդադարեցնել դատավարությունների ընթացքում։
Մեկ այլ փոփոխություն կվերաբերի արտասահմանյան գործընկերների հրավերին: Գրեթե ոչ մի խոշոր արտասահմանյան ընկերություն ինքնուրույն չի հետաքրքրվի Հայաստանում անցկացվող մրցույթներով: Հետաքրքրությունը մեծացնելու համար պետական գերատեսչությունները ավտոմատ կերպով հրավերներ կուղարկեն նրանց:
Այդ նպատակով կառավարությունը կկազմի միջազգային հեղինակավոր ընկերությունների ցուցակներ՝ տարբեր ապրանքների և ծառայությունների համար։
Sputnik Արմենիա
