Логотип

ՀՀ Վայոց Ձորի մարզպետը Փաշինյանից պաշտոնից ազատման sms չի ստացել

ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը պաշտոնից ազատման մասին sms չի ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Այդ մասին նա ասաց ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով խոսակցություններին, թե իր փոխարեն մարզպետ են նշանակելու Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը կդառնա Վայոց Ձորի մարզպետ:

«Փաշինյանից sms չեմ ստացել։ Պաշտոնական դեռ ոչ մի որոշում չկա. կլինի, կտեղեկանաք։ Արսենյանի պահով ով, ինչ ասում է, ասողներից ճշտեք։ Իմ ամենօրյա աշխատանքը ես կատարում եմ։ Գնացեք մարզում հարցրեք` իմացեք, ես ինչպես եմ աշխատում»,– նշեց նա։

Միքաելյանը վստահեցրեց, որ Արսենյանի հետ նորմալ, գործնական հարաբերություններ ունի։ Հարցին, թե չի՞ նկատել, որ Արսենյանն աչք ունի նրա պաշտոնի վրա, Միքաելյանն արձագանքեց. «Ես ինչի պիտի նկատեմ, ես պաշտոնից կախված չեմ, ես իմ ամենօրյա աշխատանքները կատարում եմ ու կատարելու եմ մինչև վերջ»։

Նա հայտարարեց, որ ինքն ամեն ինչի պատրաստ է, այդ թվում` կարող է նաև պաշտոնից հեշտությամբ հրաժարվել։ «Ես անցյալ ունեմ, տարբեր մարմիններում ծառայել եմ ու ես ամեն ինչի պատրաստ եմ»,– ընդգծեց Միքաելյանը։

Արդյոք իշխանությունները գո՞հ են նրա աշխատանքից, մարզպետը նշեց. «Ես ինչ իմանամ, իրենց հարցրեք, ովքեր գնահատում են»։

Հիշեցնենք, որ 2024 թ. նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ մի շարք պաշտոնյաներին sms հաղորդագրությամբ է հայտնել պաշտոններից հրաժարվելու մասին։

Sputnik Արմենիա