Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի նյութատեխնիկական բազայի վրա տեղի են ունեցել արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարժանքներ, որոնք անցկացվել են Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի մոտակայքում։ Վարժանքներին ներկա են եղել ՀՀ ներքին գործերի փոխնախարար, Փրկարար ծառայության պետ Արամ Ղազարյանը և ՌԴ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Վյաչեսլավ Բուտկոն։
Երկու երկրների փրկարարները խաղարկել են քիմիապես վտանգավոր օբյեկտում և նավթարդյունաբերության ձեռնարկությունում տեղի ունեցած վթարի վերացման, տուժածներին վերին հարկերից և պայմանական ավերված շենքերից տարհանելու գործողությունները:
Բացի այդ, վարժանքների ընթացքում մշակվել են ճանապարհատրանսպորտային պատահարների և մարդկանց արգելափակման պայմաններում հատուկ տեխնիկայի օգտագործմամբ գործողություններ: ՌԴ ԱԻ փոխնախարար Վյաչեսլավ Բուտկոն լրագրողների հետ զրույցում նշել է, որ վարժանքների անցկացման վայրը եզակի է և իսկապես գործնական հմտություններ է տալիս հրշեջների և փրկարարների աշխատանքի համար:
«Ինձ ամեն ինչ դուր եկավ։ Բայց կատարելագործումը, իհարկե, սահմաններ չի ճանաչում՝ պետք է զարգանալ, առաջ շարժվել։ Գիտատեխնիկական առաջընթացը անընդհատ է, և մենք հետագայում պլանավորելու ենք միջոցառումներ՝ կապված Հայ-ռուսական մարդասիրական աջակցության կենտրոնի զարգացման հետ», – ասաց Բուտկոն։
Sputnik Արմենիայի ճշտող հարցին ի պատասխան Բուտկոն ասաց, որ խոսքը կանխարգելիչ քայլերի և ռիսկային իրավիճակի մոնիթորինգի, այդ թվում՝ 3D մոդելավորմամբ և անօդաչու թռչող սարքերով աշխատանքների մասին է։
«Որքան էլ դա ծամծմված հնչի, բայց ավելի լավ է կանխել տարերային աղետների հետևանքների վերացման արտակարգ իրավիճակների հետ կապված հնարավոր ռիսկերը, քան դրանց արձագանքել հետո», – ասաց Բուտկոն:
Հայաստանի Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը մատնանշեց մշտապես մասնագիտական ու տեխնիկական կատարելագործման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրեց, որ նախօրեին ՌԴ պատվիրակության հետ քննարկել է հենց հայաստանյան մասնագետների տեխնիկական հագեցվածության և որակավորման բարձրացման տարբեր հարցեր:
«Առկա հնարավորությունները թույլ են տալիս արդյունավետորեն հակազդել բազմաթիվ մարտահրավերների։ Բայց նյութական պայմանները և անձնակազմի հմտությունները պետք է մշտապես կատարելագործվեն», – ասաց Ղազարյանը։
Sputnik Արմենիայի հարցին՝ տեխնիկայի համալրման հետ կապված կա՞ն կոնկրետ պայմանավորվածություններ, նախարարի տեղակալը նշեց, որ առայժմ զերծ կմնա մանրամասներ հրապարակելուց՝ դրանց մասին կտեղեկացնեն, երբ կոնկրետ արդյունքներ լինեն։
Այսօր տեղի ունեցավ նաև ռուսաստանյան ժամանակակից հրշեջ-փրկարարական տեխնիկայի և սարքավորումների ցուցադրություն:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը գործում է ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: Կառույցին են վերապահված որոնողափրկարարական գործողություններին աջակցելու, երկրաշարժերի, սողանքների, ձնահյուսերի հետևանքների վերացման, հրդեհների մարման, մարդասիրական օգնության առաքման, ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացման խնդիրներ: Կենտրոնը տեղակայված է Գետարգել ավանում գտնվող ԽՍՀՄ զինված ուժերի կապի նախկին բազայի տարածքում։
