ՀՅԴ-ն հայցերով դիմել է դատարան «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Լուսինե Բադալյանի, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դեմ, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
ՀՅԴ-ն 3 մլն դրամ է պահանջել նրանցից յուրաքանչյուրից՝ որպես զրպարտության հետևանքով կրած ոչ նյութական վնասի փոխհատուցում։
ՀՅԴ շահերը ներկայացնող փաստաբան Հովհաննես Խուդոյանը թերթին ասել է, որ նրանք Արցախի կորուստը փորձել են մեղսագրել Դաշնակցությանը։
Բադալյանը նման հայտարարություն էր արել սեպտեմբերի 10-ին՝ Armtimes.com կայքին տված հարցազրույցում։ Նա, մասնավորապես, հայտարարել էր. «Դաշնակցություն կուսակցությունը չէ՞ր, որ Արարատ Միրզոյանի սպանության փորձն էր կազմակերպել, ԱԺ ներխուժել էին նոյեմբերի 9-ի գիշերը, կազմակերպել էր կառավարությունը, ինչպես նաև այդ ամբողջ ջարդուփշուրները»:
Պապոյանն օգոստոսի 21-ին նույն կայքի հետ տեսազրույցում նշել էր․ «եթե նոյեմբերի 9-ը լավն էր, ինչո՞ւ էին ՀՅԴ-ՀՀԿ-ականները ջարդում շենքերը, գողանում ոսկեղեն»:
Սարգսյանն, իր հերթին, օգոստոսի 27-ին Factor.am-ում ասել էր. «Իրենց դաշնակցականը չէ՞ր, որ Եվլախում բանակցում էր, բանակցեց, տեսանք՝ ինչ ստացվեց, իրենց դաշնակցականը չէ՞ր, որ Ալիևի առաջարկները` դրանից առաջ Բաքու գնալու, բանակցելու, մերժեց, իրենք էին, չէ՞»:
Armenia Today