ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում անցկացվելիք «աղոթքի նախաճաշի» կապակցությամբ։
«ՀՀ գործող իշխանությունները կրոնական ավանդույթներն օգտագործում են քաղաքական նպատակներով։ Նման գործողությունները վտանգում են աղոթքի հավաքների իրական հոգևոր և հաշտեցնող իմաստը։ Նախաձեռնությունն ակնհայտորեն միտված է շեղելու ուշադրությունը կառավարության շարունակվող հակաժողովրդավարական գործողություններից և Հայ առաքելական եկեղեցու՝ որպես հայ ժողովրդի հոգևոր սյունի նկատմամբ վարվող համակարգված ճնշման քաղաքականությունից»,- նշված է հանձնախմբի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 14-ին և 15-ին Երևանում տեղի է ունենալու, այսպես կոչված, «Աղոթքի նախաճաշ»՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը կոչ է անում բոլոր եվրոպացի հոգևոր և քաղաքական գործիչներին, որոնք հրավիրվել են Հայաստան «աղոթքի նախաճաշին», վերագնահատել իրենց մասնակցությունը՝ հաշվի առնելով վերոնշյալ լուրջ մտահոգությունները։ Շեշտում են՝ նման միջոցառումներին մասնակցությունը չպետք է ընկալվի որպես լուռ համաձայնություն կառավարության ներկայացրած դիրքորոշումներին կամ որպես անտարբերություն՝ Հայաստանում ժողովրդավարական չափանիշների և կրոնական ազատության շարունակական խախտումների նկատմամբ։
Միաժամանակ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը կոչ է անում եվրոպացիներին՝ եթե, այնուամենայնիվ, որոշել են մասնակցել, ապա.
– բացահայտ վերահաստատեն իրենց նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և կրոնի ազատությանը,
– հանրայնորեն դատապարտեն Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումները և սպառնալիքները,
– փորձեն հանդիպել կալանավորված և բանտարկված բարձրաստիճան հոգևորականների ու քաղաքական բանտարկյալների հետ՝ ներառյալ Սամվել Կարապետյանին՝ անձամբ տեղեկանալու նրանց պահման պայմանների և մեղադրանքների բնույթի մասին
– այցելել Մայր աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպեն Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ՝ տեղեկանալու եկեղեցու տեսակետին՝ Հայաստանում կրոնական ազատության և եկեղեցի–պետություն հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը կրկին շեշտում է՝ ՀՀ–ի հետ իսկական գործընկերությունը և համերաշխությունը պետք է հիմնված լինեն արդարության, ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, ներառյալ՝ խղճի ազատության, ընդհանուր արժեքների վրա։
Տեղեկացնենք, որ երկօրյա միջոցառման առաջին օրը Ազգային պատկերասրահում պանելային քննարկումներ են տեղի ունենալու տարբեր թեմաներով՝ բիզնես և էթիկա, Թրամփի ուղի, ընտանիք, հավատք և այլն։ Իսկ հաջորդ օրը «Արմենիա Մարիոթում» 10․00-13.00-ն կայանալու է բուն աղոթքի նախաճաշը, որից հետո մարդիկ գնալու են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, Էջմիածնի թանգարան, երեկոյան էլ՝ Երիտասարդական թատրոն:
Sputnik Արմենիա
