Հնդկաստանի` 2026-2027 ֆինանսական տարվա (2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2027 թվականի մարտի 31-ը) նոր բյուջեն, որը երեկ ներկայացրել է ֆինանսների նախարար Նիրմալա Սիթարամանը, միջոցներ չի նախատեսում Իրանի «Չաբահար» նավահանգստի զարգացման համար։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս որոշումը կայացվել է` չնայած այն հանգամանքին, որ 2024 թվականին Հնդկաստանը 10-ամյա պայմանագիր է կնքել «Չաբահարում» Շահիդ Բեհեշթի նավամատույցի շահագործման վերաբերյալ։ Հնդկաստանը նավահանգստի զարգացման խոշոր գործընկերն է։ Այս նավահանգիստը երկար ժամանակ դիտարկվում էր որպես տարածաշրջանային առևտրի և Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և այլ երկրների հետ ռազմավարական փոխգործակցության առանցքային տարր՝ Պակիստանի շրջանցմամբ։ 2024-2025 թվականներին Հնդկաստանն այս նախագծի համար ավելի քան 43 մլն դոլար է հատկացրել։
Նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ–ն Իրանի դեմ լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց, սակայն Հնդկաստանին վեցամսյա բացառություն տվեց «Չաբահար» նավահանգստի նախագծին մասնակցելու համար։ Այս բացառության ժամկետը լրանում է ապրիլի 26-ին։
Անցյալ ամիս Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը հայտարարեց, որ Հնդկաստանը «Չաբահարի» հարցով բանակցում է ԱՄՆ-ի հետ։
Այդ ընթացքում լուր տարածվեց, որ Նյու Դելին վերանայում է հնարավոր տարբերակները այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը սպառնացել է Թեհրանի հետ գործարքներ իրականացնող երկրների համար լրացուցիչ 25-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել։
«Չաբահարը» գտնվում է Օմանի ծոցի ափին և Իրանի առաջին խորջրյա նավահանգիստն է, որը համաշխարհային ծովային առևտրային ուղիներ մուտք գործելու հնարավորություն է տալիս երկրին։ Հնդկաստանի համար նավահանգիստը կարևոր երթուղի է առաջարկում Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի հետ առևտրի համար՝ շրջանցելով Պակիստանը, որը Հնդկաստանին թույլ չի տալիս անցնել իր ցամաքային ճանապարհով։
Sputnik Արմենիա
