Логотип

Հոգևորականները դատապարտել են Երվանդ քահանա Բաբայանի՝ կաթողիկոսի անունը չհիշատակելու քայլը

Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները դատապարտել են Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագ մատուցած Տեր Երվանդ քահանա Բաբայանի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը չհնչեցնելը։

Հոգևորականները կաթողիկոսի անունը չհիշատակելը «միտումնավոր» են համարել։ Տեր Տիրան քահանա Առուշանյանը նշել է, որ այդ արարքը «եկեղեցական Սուրբ կանոնի կոպիտ խախտում և առաջացնում է խորը մտահոգություն»։

«Դատապարտելի է Վեհափառ Հայրապետի անվան միտումնավոր զեղչումը: ​Հույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը, կհասկանա դրա նկատմամբ հոգևորականության ու հավատացյալների մտահոգությունը և անկեղծորեն կզղջա»,- գրել է քահանան։

Տեր Եփրեմ քահանա Հարությունյանն ընդգծել է, որ հավատարմությունը, Մայր Աթոռի հանդեպ սերն ու նվիրվածությունը հոգևորականի համար անխախտ ուխտ պետք է լինեն, իսկ եկեղեցու կանոնական, աստվածաբանական, դավանաբանական հարցերի ոտնահարումը` դատապարտելի։ Տեր Միքայել Քահանա Նուրիջանյանը նույնպես միացել է դատապարտմանը։

Պատարագը տեղի էր ունեցել նոյեմբերի 23-ին, որին մասնակցել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քահանա Բաբայանն Արարատ գյուղ էր ուղարկվել Մասյացոտնի թեմից։

Armenia Today