Логотип

Հովհաննիսյան․ Հարգելի «Վեոլիա ջուր», դուրներդ չի գալիս, գնացեք ՀՀ-ից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկվանից հայ հասարակությունը իր վրդովմունքն է արտահայտում «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հերթական տեղեկատվության կապակցությամբ, առ այն, որ իրենք կրճատում են ջրամատակարարման գրաֆիկը։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես արդեն հինգ կամ վեց տեսանյութ ունեմ, որով պատմել եմ ձեզ «Վեոլիա ջրի» բոլոր հնարավոր խախտումները այս տարիների ընթացքում և ինչպես են իրենք աշխատում։ Ջրամատակարարման գրաֆիկը դրվագներից ընդամենը մեկն է, ընդ որում յուրաքանչյուր տարի «Վեոլիա ջուր» ընկերությունը մինչև սեպտեմբերի մեկը այդ գրաֆիկը ուղարկում է համաձայնեցման Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Դե այնտեղ էլ, բնականաբար, ոչ մեկը իրենց պարտք, պահանջ, հարց, պատասխան, նմանատիպ գործողություններ տեղի չեն ունենում, ասում են՝ եղավ և հաստատում են։

Հիմա հաստատվել է գրաֆիկը, որը ամեն տարի էլ 17 ժամվա գրաֆիկով հաստատել են, բայց հասցեներն են շատացել։ Օրինակ Արաբկիր համայնքում բազմաթիվ հասցեներ կային, որոնք 24 ժամյա էին, կային հասցեներ, որի առաջինից չորրորդ հարկերը 24 ժամյա էին, հիմա դարձել են 17 ժամ ամառային գրաֆիկի ժամանակ։

Ի դեպ, ասեմ, որ ամառային գրաֆիկը, երբ որ գա, մենք հետևելու ենք, թե խմելու ջրի որակն ինչպիսին է, ու հետո ես ձեզ առաջարկելու եմ, որ դուք իրենց ձեր վճարած գումարները գնաք ու հետ ուզեք հայցերով։

Հիմա «Վեոլիա ջուրը» ասում է՝ սպառողների քանակը կտրուկ շատացել է։ Հարգելի «Վեոլիա ջուր», նախ երբ հերթական անգամ ձեզ կանչում են այդ համաձայնությունների ժամանակ, բարի եղեք, բարձրաձայնեք այդ ժամանակ։ Այսինքն եթե դուք ուզում եք ասեք, որ քաղաքապետարանը աջ ու ձախ շինթույլտվություններ է տալիս ու դա ձեզ խանգարում է, ուրեմն պետության հետ ստվերային համաձայնության մի եկեք, ու հետո մեզ պատմեք, որ վայ, գիտեք ինչ կա, այնքան շատ սպառող կա, դրա համար պիտի կրճատենք գրաֆիկը ձեր բոլորի։

Բացի այդ դուք ասում եք, որ կապիտալ ներդրումների խնդիր կա, ասում եք պետության հետ եկել ենք համաձայնության։ Բա ինչո՞ւ չեք պատմում, որ Ջրային կոմիտեն 52 հատ համաձայնագիր է ձեր հետ կնքել ու որդեգրել ձեր բոլոր պարտքերը, որովհետև գնացել պատմել եք, որ պետությունը ներդնում չի անում, պետությունը հավատացել է, որովհետև ստուգող չկա, ու ինչքան պարտք կա ձեզ ներել է։
Դուք այսօր մեզ ի՞նչ եք պատմում, դուք շահույթ ունեք, շահույթ գեներացնող կազմակերպություն ունեք, դուրներդ չի գալիս, այդքան մի ողբերգական տեսարաններ սարքեք, ուղղակի գնացեք Հայաստանից, որևէ մեկը ձեր հետ ստրկացուցիչ գործարք չի կնքել։

Եվ վերջապես, ես առաջարկում եմ ՀՀ քաղաքացիներին, այս տեսանյութի ներքո ասել, ովքեր են համաձայն Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողով դիմում ուղարկել և առաջարկել, որ նրանք քննեն ու հասկանան, թե ինչով է զբաղված «Վեոլիա ջուրը», ինչքանով են հիմնավոր նրանց փաստարկները, որովհետև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման իրավասություն չունի։ Չեն խաչվում հանձնաժողովների իրավասությունները, որպեսզի փսեվդոիրավաբանները իրենց դարակազմիկ փաստարկները ինձ չներկայացնեն»,–ասաց նա։

News.am