Վաղարշապատ խոշորացված համայնքում նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին, ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին:
«Քաղաքացիական պայմանագիրն» այնտեղ է նետել բոլոր ուժերը։ Գյումրիում կրած պարտությունից հետո, որտեղ Փաշինյանը ստիպված էր ամբողջ կես տարի կոմպրոմատ հավաքել քաղաքապետի դեմ, որպեսզի վերջապես «փակի» անցանկալի քաղաքապետին, իշխող կուսակցության համար կարևոր է հաղթել այն համայնքում, որտեղ 1700-ամյա Էջմիածնում է գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու Մայր տաճարը՝ Ամենայն Հայոց (նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների) Կաթողիկոսի նստավայրը։
ՀԱԵ-Ն ԱՅՍՕՐ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՐԱԽՆ Է, փորձագետները խոսում են այն մասին, որ եթե ՔՊ-ն հաղթի Վաղարշապատում, ապա Նիկոլ Փաշինյանը վերջապես կանցկացնի դեռ ամիսներ առաջ իր խոստացած հանրահավաքը ՀԱԵ-ի, Գարեգին Բ-ի և նրա «բանդայի» դեմ, ինչպես ինքն է անվանում Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին:
Անհեթեթ է այն, որ իշխող կուսակցությանը հաջողվեց Վաղարշապատում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ մեծ խաղի գլխավոր դեմքը դարձնել Արցախյան առաջին ազատամարտի հերոս, սխրանքների համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված, պատերազմի ավարտից մի քանի օր առաջ զոհված Մեխակ Մեխակյանի որդուն։
Լեգենդար հրամանատարի որդին՝ Արգիշտի Մեխակյանն է գլխավորում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը Վաղարշապատ խոշորացված համայնքում՝ ներկայացնելով այն կուսակցությունը, որը զրոյացրեց իր հոր սխրանքը, Մեխակ Մեխակյանի և նրա զինակիցների կյանքի գործը:
Զրոյացրեց ու աչքն էլ չթարթեց: Արգիշտի Մեխակյանը ներկայացնում է այն կուսակցությունը, որի առաջնորդն ասում է, թե այդպես էլ պետք է լիներ։ Մեխակյանը ներկայացնում է այն կուսակցությունը, որի առաջնորդը խնդրել է Ալիևին, որ իրենից զիջումներ չպահանջի, քանի որ այդ դեպքում իրեն՝ Փաշինյանին, կարող են «սպանել»։ Մեխակյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիրը», որի առաջնորդը պատերազմից հետո կասի, որ պատերազմը չի կասեցրել և դրանով իսկ չի կանխել հազարավոր մահերն ու տարածքային նոր կորուստները, որովհետև վախեցել է, որ իրեն դավաճան կանվանեն…
Ճիշտ է, այսօր, աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի բերումով փոքր-ինչ այլ բան է երգում։ Իբր, 44-օրյա պատերազմի օրերին հրադադարի առաջարկները Հայաստանի պետականության ոչնչացման նպատակ էին հետապնդում…
Արգիշտի Մեխակյանը, հերոս հրամանատար Մեխակ Մեխակյանի որդին, Վաղարշապատի ընտրություններում ներկայացնում է այն կուսակցությունը, որի առաջնորդը, չբավարարված արդեն իսկ փլուզածից, օգտվելով իր վարչապետական ռեսուրսներից՝ վարում է Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանն ուղղված քաղաքականություն:
Դժվար է պատկերացնել, թե Արգիշտի Մեխակյանը չի հասկանում. ներբողները, որ այսօր ձոնում են իրեն «Քաղաքացիական պայմանագրի» նախարարները, «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդարանականները, երեսպաշտություն են: «Քաղաքացիական պայմանագիրը» Մեխակյանի կարիքն ունի բնավ ոչ այն պատճառով, թե համարում է, որ վերջինս «լավագույն քաղաքապետ» կլինի, այլ որովհետև հերոս հրամանատարի որդին իրենց համար սեփական ձախողման արդարացումն է:
Նրանց կողքին, այն մարդկանց կողքին, ովքեր ոչ մի օգտակար բան չեն արել իրենց երկրի համար, նույն Կոնջորյանի ու Ալեքսանյանի կողքին, որոնք կարող են միայն դատարկախոսել, նրանց կողքին նույն թիմում է հաղթած հերոսի որդին։ Այն մարդկանց ճամբարում, որոնք ուրացել են Մեխակ Մեխակյանի իդեալները, կյանքն ու մահը հանուն իշխանության, փառատոնների, արտասահմանյան գործուղումների և սելֆիների, սելֆիների, սելֆիների… Նրանց հետ, ովքեր կառչում են իշխանությունից, ինչպես ոչ այլ «նախկին» թիմ՝ հենց այն պատճառով, որ առանց իշխանության իրենք ոչինչ են, քառակուսի աստիճանի դատարկություն։
