Логотип

ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ. Ո՞ՒՐ, Ե՞ՐԲ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՄԵԿՆԵԼ ՀՀ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԸ

Անդրանիկ Սիմոնյանը երեք օր անցկացրեց այն երկրի մայրաքաղաքում, որը երկու, իսկ եթե հաշվարկը սկսենք շրջափակումից, ապա երեք տարի առաջ ամենաիսկական ցեղասպանություն է իրականացրել և հրեշավոր պատերազմական հանցագործություններ կատարել հայ ժողովրդի դեմ: Պաշտոնապես նրա այցը կապված էր «անվտանգության միջազգային խոորհրդաժողովին» մասնակցության հետ, սակայն դա այն ամենն է, ինչ հայտնի է ուղևորության մասին, որը ոչ մի կերպ չես անվանի շարքային։ Դե, և թերևս այն, որ «ԱԱԾ պատվիրակությունը Երևանից մեկնել է FlyOne ընկերությանը պատկանող Gulfstream G450 օդանավով»։ Հայտնի չէ նույնիսկ, թե տնօրենից բացի ուրիշ ով է եղել «պատվիրակության» կազմում։

ԵՐԲ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՎԵՑ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի Բաքու մեկնելու մասին, փորձագետներն ու քաղաքական գործիչները իրար հերթ չտալով կարծիք էին հայտնում, թե հնարավոր է, որ ինչ-որ շարժ է նկատվում հայ գերիների ազատ արձակման հարցում: Եվ դա միանգամայն օրինաչափ է. բարձրաստիճան պաշտոնյան մեկնում է մի երկիր, որտեղ ապօրինաբար պահվում են երկու տասնյակից ավելի (սա լոկ պաշտոնական տվյալներով) ՀՀ քաղաքացիներ, որոնք մի քանի տարի շարունակ ենթարկվում են սարսափելի ֆիզիկական խոշտանգումների, հոգեբանական ճնշման, անցել կամ անցնում են բացարձակ անօրինական դատավարություններով և դատապարտվում տևական ազատազրկման:

Այն ենթադրությունները, թե Անդրանիկ Սիմոնյանը կարող է այցելել բանտարկյալներին, ամրապնդվում էին այն փաստով, որ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության փակվելուց հետո մեր հայրենակիցները հայտնվել են լիակատար մեկուսացման մեջ՝ զրկված նույնիսկ ընտանիքների հետ որևէ կապից։ Նրանց հետ գոնե որևէ կապ ապահովելու հայաստանյան իրավապաշտպանների և Սփյուռքի կազմակերպությունների ջանքերի խորապատկերին միանգամայն տրամաբանական էր թվում, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենը, գտնվելով Բաքվում, ուղղակի պարտավոր է ինչ-որ բան անել այդ ուղղությամբ։

Բայց իրականությունը տրամագծորեն հակառակ գտնվեց, և փաշինյանական ռեժիմը հերթական անգամ ապացուցեց, որ նույնիսկ շատ ավելի վատն է, քան մտածում ենք իր մասին։ Երեք օր Բաքվում անցկացնելուց հետո Սիմոնյանը վերադարձավ առանց գեթ մեկ գերու և առանց գերիներին այցելության մասին որևէ տեղեկության: ԱԱԾ-ն լռում է այցի բովանդակության մասին, ԱԽ քարտուղարը բոլոր հարցերին պատասխանում է, թե իբր՝ գերատեսչությունն ինքը կասի, եթե հարկ համարի։ Հարկ չհամարեցին, համենայն դեպս՝ երկուշաբթի երեկոյան դրությամբ, պատվիրակության վերադարձից մեկ օր անց։

Եվ, ամենայն հավանականությամբ, կշարունակեն լռել, քանի որ ոչինչ չի եղել. գնացել են, ասել-խոսել, մասնակցել, գերազանց գովազդել «միջազգային անվտանգության գլխավոր երաշխավոր» Ալիևին և վերադարձել նույն Գռզոյի ինքնաթիռով։ Դատելով ամենից, ի սկզբանե գիտեին, որ գերիների հետ կապված ոչինչ չի լինելու, քանի որ նման խնդիր, չենք խոսում արդեն մասնակցության պայմանի մասին, չէր էլ դրվել։ Նրանց դա պետք չէ, քանզի այս իշխանության առաջնային և միակ խնդիրները հակահայկական բնույթ են կրում։

ՄԻՆՉԴԵՌ ՔՉԵՐՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՑԻՆ ՄԻ ՇԱՏ ԷԱԿԱՆ ՊԱՀԻ ՎՐԱ, այն է՝ խորհրդաժողովի անցկացման ժամկետների. սեպտեմբերի 19-21։ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի երկրորդ տարելիցը և Գաղթի՝ հայ ժողովրդի նորագույն պատմության մեծագույն աղետի սկիզբը: Կարելի՞ է արդյոք կասկածի տակ առնել այն, որ Ալիևն այդ ամսաթվերն ընտրել է բնավ ոչ պատահականորեն, այլ միտումնավոր, լիովին համապատասխան թուրքական չարագուշակ ծիսականությանը, որը բազմիցս դրսևորվել է վերջին հինգ տարիներին։

Եվ արժե՞ արդյոք նշել, որ Բաքվի բռնապետին առանձնակի անհրաժեշտ էր բարձրաստիճան հայ պաշտոնյայի այցն ու մասնակցությունը հենց այդ միջոցառմանը, որպեսզի հերթական անգամ ըմբոշխներ իր մարդակերական հաղթանակը և կրկին նվաստացներ հայերին: Արդյունքում ՀՀ ԱԱԾ տնօրենը վայ-վարչապետի հրահանգով հլու-հնազանդ մեկնում է Բաքու հենց համազգային վշտի օրերին, երեք օր անցկացնում մի քաղաքում, որտեղ իր 23 հայրենակիցներն ամեն օր անցնում են Բաքվի բանտերի դժոխքի միջով, ոչ մի բառ չի ասում նրանց մասին, և նույնքան հանգիստ վերադառնում, ասես ոչինչ չի պատահել։

Եվ դեռ ցեղասպան երկրի մայրաքաղաքում է անցկացնում Հայաստանի Անկախության օրը… Այսինքն հլու-հնազանդ սպասարկում է Ալիևի ստոր ու ցինիկ շահերը, ծպտուն անգամ չհանելով ոչ միայն գերիների, այլև հայկական անգնահատելի ժառանգության մեթոդական ոչնչացման, 150 հազար արցախցիների իրավունքների և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքների բռնազավթման մասին։

Ոչ, իհարկե, այլևս ոչ մի բան մեզ չի զարմացնում, նվաստացման այս փուլն էլ անցան իշխանավոր դավաճանները, որոնք զօրուգիշեր մտածում են միայն այն մասին, թե էլ ինչպես հաճոյանան հայ ժողովրդի դահիճներին։ Բայց նրանց քիթումռութն իրենց կղանքի մեջ խոթել անհրաժեշտ է, ինչպեսև ամեն անգամ մերկացնել պաթոլոգիկ ստախոսության մեջ: Այդ թվում՝ շինծու և երեսպաշտ հավաստիացումների, թե իրենք, իբր, մշտապես բարձրացնում են գերիների հարցը։

ԱԱԾ տնօրենի ուղևորությունը կրկին ամենայն համոզչությամբ ապացուցեց, որ դա լկտի սուտ է, որքան էլ լեզու թափեն Փաշինյանն ու Միրզոյանը։ Քանզի դժվար է գտնել ավելի հարմար առիթ գերիներից գոնե մեկի հետ հանդիպել փորձելու համար։ Օրինակ, վաղուց է խոսվում այն մասին, որ Վիգեն Էուլջեքչյանի կյանքին վտանգ է սպառնում, Նա արդեն մեկ ամիս, եթե ոչ ավելի, հացադուլ է անում, ընտանիքն ու իրավապաշտպաններն ահազանգում են նրա ծանր վիճակի մասին…

ԷՈՒԼՋԵՔՉՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՉԷ, ՈՉ ԷԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ, նա Փաշինյանի համար ատելի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներից չէ։ Կարելի էր տեսակցել նրան, թեկուզ հենց այնպես, ձևականորեն, քանի որ Սիմոնյանին ու իր նմաններին դժվար թե հետաքրքրի գրեթե հինգ տարի դժոխքում գտնվող մարդու վիճակը։ Ոչ, դա էլ չարեցին:

Նրանք չեն անի ոչ մի բան, ինչը գոնե նվազագույն չափով բխում է հայկական շահերից ։ Եվ եթե անգամ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը Բաքու էր մեկնել ինչ-որ գաղտնի առաքելությամբ, ապա դա էլ, անկասկած, կրում է բացառապես հակահայկական բնույթ։ ԱԱԾ լռությունը լոկ հաստատում է դա։

Իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Ալիևը, ցանկանալով աջակցել իր երևանյան հանցակցին, կարող է ազատ արձակել մի քանի գերիների… Կարող է, իհարկե: Քանզի գերեվարված հայերը վաղուց վերածվել են բացառապես իր ու Նիկոլի ընդհանուր կեղտոտ նպատակներին հասնելու գործիքի։ Միանգամայն հնարավոր է, որ հենց այդպես էլ լինի, բայց միայն ընտրությունների մոտենալուն պես, իսկ առայժմ դեռ վաղ է։ Այդպես են պայմանավորվել։

Երկու հայատյաց հանցագործների հաշվարկների զազրելիությունը, ստորությունն ու գարշելիությունը գնահատել հանձն չենք առնի, քանզի ոչ մի նորմալ մարդ պարզապես ընդունակ չէ դրան։ Նրանք կրկին ցուցադրեցին իրենց մարդատյաց բնազդների ողջ հավաքածուն, ևս մեկ անգամ ապացուցելով, որ իրենց համար գոյություն չունի ոչ մի հատակ՝ ոչ մի հարցում։