Логотип

Հունիսի 7-ից հետո դուք գերի չեք լինելու այս թույլ իշխանությանը. Ակցիա Քննչական կոմիտեի դիմաց

Մենք այսօր այստեղ ենք, որովհետև հաշտ չենք, որ սրբազաններն ապօրինաբար պահվում ենք կալանքի տակ: Հաշտ չենք, որ ազգային բարերարները, քաղբանտարկյալները շարունակում են մնալ անազատության մեջ: Այս մասին, այսօր՝ մարտի 13–ին, Սամվել Կարապետյանի ազատության պահանջով բողոքի ակցիայի ժամանակ, Քննչական կոմիտեի դիմաց հայտարարե «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը:

«Այսօր այստեղ ենք, որովհետև հաշտ չենք, որ պետական ինստիտուտները դարձել են այս թույլ իշխանության գերին:

ՔԿ-ի սիրելի աշխատակիցներ, հունիսի 7-ից հետո, երբ միասին ունենանք ուժեղ Հայաստան, դուք գերի չեք լինելու այս թույլ իշխանությանը, դուք ևս լինելու եք ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ, ուժեղ Հայաստանի արդարադատության համակարգի աշխատակիցներ: Մենք միասին ենք դա անելու:

Այսօր 8 ամսից ավելի է Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ և մեր պայքարը, ինչպես տեսնում եք, չի դադարել և օր օրի ավելի մեծ հաջողություններ է ունենում: Մենք շարունակելու ենք նաև ձեր համար պայքարել, որ դուք ապրեք անկախ, աշխատեք անկախ, որ արդարադատության այս ինստիտուտը աշխատի օրենքի տառին համապատասխան:

Հունիսի 7-ից հետո արդարադատությունը չի աշխատելու ոչ մի զանգով, ոչ մի նամակով: Մեր նպատակն է, որ բոլոր պետական ինստիտուտներն աշխատեն և լինեն անկախ»,-ընդգծեց նա:

Շիրազ Մանուկյանի խոսքով, «Ուժեղ Հայաստանը» որդեգրել է հաղթանակի ճանապարհը.

«Հունիսի 7-ից հետո ՀՀ-ի վարչապետ լինելու է Սամվել Կարապետյանը և մենք միասին տոնելու ենք մեր հաղթանակը: Հունիսի 7-ին մեր քաղաքացին անելու է իր վճռական քայլը: Հունիսի 7-ից հետո ունենալու ենք ուժեղ Հայաստան, ազատության մեջ է լինելու Սամվել Կարապետյանը: Ազատությու՛ն Սամվել Կարապետյանին»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ, մի խումբ քաղաքացիներ, համակիրներ ու աջակիցներ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, Երևանի կենտրոնում բողոքի ակցիաներ են իրականացնում. Նրանք շրջում են քաղաքով՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» վանկարկումներով ու պաստառներով:

Հիշեցնենք, որ այսօր՝ Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը, մայրաքաղաքի ամբողջ տարածքով` քաղաքի ամենատեսանելի հատվածներում, տարածվում են «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» մեծ պաստառներ: Նշենք, որ այսօր տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը: Ավելի վաղ Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ սոցիակական ցանցերում հայտել են, որ այսօր ժամը 15:30-ից լինելու են դատարանի մոտ` Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում: