Логотип

Հունվարի 27-ը կսահմանվի հիշատակի և խոնարհումի օր. այն կլինի ոչ աշխատանքային

Հունվարի 27–ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Այդ նպատակով փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում: Նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նախագծում որպես հիմնավորում նշվել է, որ չկա հատուկ օր նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն և մեծարելուն։ Հետևաբար, մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձությունների նշման կամ հունվարի 28–ին՝ Բանակի օրը, որն ավելի շատ տոնական օր է, քան հիշատակի։

Նախագիծը կառավարության հաստատումից հետո կգնա ԱԺ։

Նախագիծը ԱԺ պատգամավորները շրջանառության մեջ էին դրել այս տարվա սեպտեմբերի 26–ին։

Հիշեցնենք, որ արցախյան վերջին պատերազմներից և ոչ մեկի հետ այս ամսաթիվը չի համընկնում։ 2016թ.–ի քառօրյա պատերազմը մեկնարկեց ապրիլի 2–ին, 2020–ի 44–օրյան` սեպտեմբերի 27–ին, իսկ արդեն 2023–ի սեպտեմբերի 19–ին տեղի ունեցավ Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումը, որին հաջորդեց էթնիկ զտումը։

Նշենք, որ 2024–ի հոկտեմբերի 17–ին այն ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը օրենքի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր սեպտեմբերի 27–ը սահմանել որպես հիշատակի օր։ ՀՀ կառավարությունը մերժեց այս նախագիծը` հիմնավորելով, թե հունվարի 28–ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն ՀՀ զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը:

Sputnik Արմենիա