Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով փաստաբանների բողոքը, որով բողոքարկում են նրան 2 ամսով կալանավորելու` Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Բողոքը մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին։ Դատարանն իրավունք ունի 10-օրյա ժամկետում քննել բողոքը, բայց ակնկալում ենք, որ ամեն դեպքում, շտապ կարգով կքննի՝ հաշվի առնելով Դավիթի առողջական վիճակը»,- նշեց Մարտիրոսյանը։
Փաստաբանն առավոտյան այցելել է Դավիթին, նա թույլ է զգում իրեն։ Հիվանդանոցում հատուկ սննդակարգով է սնվում, տնից ուղարկված հանձնուքներն էլ տանում են «Աբովյան» ՔԿՀ, ստուգվում են, այնուհետև բերվում հիվանդանոց։ Ծնողներին էլ թույլ չեն տալիս տեսակցել, տոտալ սահմանափակումներ են դրված։
Նշենք, որ ապրիլի 1-ին 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի փաստաբանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել։ Միջնորդել էին խափանման միջոցը վերացնելու համար, բայց նաև դիմել էին այլընտրանքային խափանման միջոցի համար։
