Логотип

ՀՌՀ նախագահ․ ՀՀ-ում վերահեռարձակվում են օտարերկրյա ալիքներ, որոնք սպառնալիք են մեր տեղեկատվական անվտանգության համար

Հայաստանում վերահարձակվում են օտար երկրի ծագում ունեցող հեռուստաալիքներ, որոնք սպառնալիք են Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ խոսքը միայն ռուսական ալիքների մասին չէ։

«Խնդիրը միայն քաղաքական ազդեցությունները չեն, վատ որակի հեռուստասերիալը՝ այլ արժեքային համակարգ թելադրող, ինքը ևս վտանգ է, բայց մեր կողմից չզգացվող։ Այսինքն այդ հիբրիդային պատերազմների վտանգը շատ ծավալուն և մեծ թեմա է, և մենք դրանով փորձում ենք զբաղվել»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ գործիքներով են դրա դեմ պայքարելու, Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Տասնյակ գործիքներ կան, օրինակ Եվրոպայում բավականին լուրջ ակտեր են ընդունել, և դիջիտալ ակտն է, և տարբեր AI-ի մասին ակտն է։ Մենք արհեստական բանականության վտանգների մասին դեռ նույնիսկ պատկերացում չունենք, որովհետև իրենց կողմից արհեստական բանականության գործիքակազմով ստեղծված դիֆեյք, այդ տեսալսողական բովանդակությունը ինքը կարող է քանդել ամբողջ երկիրը, որովհետև մենք դյուրահավատ, շատ մեծ մեդիագրագիտություն չունեցող հասարակություն ունենք, որը կարող է հավատալ ամեն մի հիմարության, որը կարող է ստեղծվել արհեստական բանականության գործիքակազմի միջոցով»։

News.am