Логотип

ՀՐԱՑԱՆԱԿԻՐ Դ’ԱՐՏԱՆՅԱՆԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐՈՒՄ

17-րդ դարում մահացած հայտնի ֆրանսիացի հրացանակիր Դ’Արտանյանի կմախքը, ամենայն հավանականությամբ, հայտնաբերվել է Նիդեռլանդների հարավային մասում գտնվող Մաաստրիխտ քաղաքի (Լիմբուրգ նահանգ) եկեղեցում: Այս մասին հայտնել է NOS հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի՝ մնացորդները հայտնաբերվել են փետրվարին՝ եկեղեցու հատակի մասնակի փլուզումից հետո վերանորոգման աշխատանքների ժամանակ: Կմախքը գտնվել է այն տարածքում, որտեղ նախկինում գտնվում էր խորանը, որի տակ այդ ժամանակ թաղված էին միայն ազնվական կամ ազդեցիկ անձինք: Ավելին, կրծքավանդակի հատվածում հայտնաբերվել են հրացանակիրի գնդակի բեկորներ, իսկ մարմնի մոտ՝ ֆրանսիական մետաղադրամ:

Հնագետների կարծիքով, սա, ամենայն հավանականությամբ, Շառլ դ’Բաց դ’Կաստելմորն է՝ կոմս դ’Արտանյանը, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի մտերիմ անձնավորությունը և թագավորի հրացանակիրների հրամանատարը: Նա մահացել է 1673 թվականին Մաաստրիխտի պաշարման ժամանակ, ենթադրաբար՝ կրծքավանդակի կամ կոկորդի վերքից: Ենթադրվում է, որ շարունակվող մարտերի պատճառով նրա մարմինը, հնարավոր է, թաղված լինի մահվան վայրում, սակայն ճշգրիտ վայրը մնում է անհայտ։

Մարմնի ինքնությունը հաստատելու համար վերցվել է ԴՆԹ նմուշ և ուղարկվել Մյունխենի լաբորատորիա՝ դ’Արտանյանի ենթադրյալ ժառանգների ԴՆԹ-ի հետ համեմատելու համար՝ դ’Բացի տոհմում։ Թեստի արդյունքները շուտով կհայտարարվեն։ «Մենք սպասում ենք ԴՆԹ անալիզի արդյունքներին, բայց այս պահին չկան ապացույցներ, որ սրանք դ’Արտանյանի մասունքներն են», – լրագրողներին ասել է հնագետ Վիմ Դեյկմանը, որը մասնակցել է պեղումներին։

Դ’Արտանյանը համարվում է Ֆրանսիայի ազգային հերոս և համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ» վեպի շնորհիվ, որը հրատարակվել է 1844 թվականին։

News.am