Քիչ առաջ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունից ազատ արձակվեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանը։
Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրեն լավ է զգում։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանն էլ տեղեկացրեց, որ թեև Միքայելին ազատ են արձակել, բայց նրան մեղադրանք առաջադրվել է։
«Այո, մեղադրանքն առաջադրվել է, բովանդակությունը շատ չեմ կարող ասել, քանի որ արդեն նախազգուշացվել ենք նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար։ Ամեն դեպքում, այս պահին ամենակարևոր բանը տղաների ազատությունն է։ Միքայելի հանդեպ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Միքայելը մեղադրվում է օժանդակելու մեջ։ Մեղադրանքը եղել է այն, իչը կասկածանքը եղել է։ Շատ բան չեմ կարող ասել, չեմ ուզում, որ վարույթից հեռացնեն ինձ»,–ասաց նա։
Հարցին՝ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է այս գործում, փաստաբանը բացասական պատասխան տվեց. «Ոչ։ Միգուցե փորձ արվեց, որ քաղաքական ենթատեքստ տրվի, երեխեքը ապաքաղաքական են։ Խնդրում եմ՝ դա բացարձակ ճշմարտություն ընդունեք։ 12–րդ դասարանի տղաներ են, որևէ քաղաքական գործչի հետ կապ չունեն։ Իրենց կողմից կատարվածը որևէ քաղաքական ենթատեքստ չունի։ Իրենք, մեր գնահատմամբ, ընդհանրապես, որևէ բան չեն արել։ Գևորգ Գևորգյանը, քանի որ քննչական կողքի աշխատասենյակում էր, տղաներից մեկին ուղեկցեցինք, Գևորգին էլ այլ տեղ էին ուղեկցում, ասացի՝ ինքն է Գևորգը, բացարձակապես երբևէ չեն ճանաչել, որևէ առնչություն չեն ունեցել։
Հարված չի եղել, դա հաստատ է։ Այն, ինչ կադրերում տեսել եք, հարվածի նմանվող է, բայց հարված չի եղել։ Ինչ–որ գործողություն կա, բայց դա հարված չի։
Ինչ վերաբերում է Դավիթին, իրեն դեռ հարցաքննում են»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
3 անձ ձերբակալվել է: Ձերբակալվածներից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնել էր, որ ձերբակալված եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում
Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։
