Логотип

Ձերբակալվել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու ևս 5 քահանա

Այսօր առավոտյան ձերբակալվել ու ՀՀ քննչական կոմիտե են տարվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու թեմի ևս 5 հոգևորական։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում տեր Փառեն, տեր Մանուկ, տեր Հայկ, տեր Մկրտիչ, տեր Ղևոնդ քահանաները»,– ասաց Զոհրաբյանը։

Փաստաբանը նշեց, որ ձերբակալվել են նաև քաղաքացիական անձինք։ Իրավապահները դեռևս չեն հայտնել, թե ինչ կասկածանքով, սակայն փաստաբանները կարծում են, որ հիմքում տեր Արամի` սեպտեմբերի 16-ին Հանրայինի տաղավարում արած հայտարարությունն է, թե «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ»։

Ավելի վաղ տեր Եսայի քահանա Արթենյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել։