Логотип

Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին

Իջևանի նախկին քաղաքապետը և նրա որդին ձերբակալվել են։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` խոսքը Վարուժան Ներսիսյանի և նրա որդու մասին է։

«Հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը։ Վերջինս մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին»,- նշեցին կոմիտեից։

ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը մարտի 28-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Խոսքը Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի անշարժ գույք և գումար բռնագանձելու մասին է՝ 5 անշարժ գույք Տավուշի մարզում, 4 իրավաբանական անձում ունեցած մասնակցություն, 181 մլն 770 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 108 մլն 883 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այժմ խոսքը նոր առանձին վարույթի մասին է։