ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նա ձերբակալվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով»,– հայտնեցին իրավապահ կառույցից` հավելելով, որ ՀՀ քննչական կոմիտեում նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկության համաձայն՝ ձերբակալվածը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է՝ Սպարտակ Ղուկասյանը։
NEWS.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է, որ որդուն բերման են ենթարկել երեխաներին մանկապարտեզ տանելու ժամանակ։
«Որդիս իր 1.5 տարեկան երեխային տարել էր մանկապարտեզ, մյուս երեխան էլ մեքենայի մեջ նստած է եղել, 7-8 մեքենայով եկել են իրավապահներն ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել նրան։ Միքայել Սրբազանի դատին էր գնացել, կողքից մարդիկ ասացին՝ քեզ կկալանավորեն, որովհետև գնացել ես նիստին։ Երեխաների աչքի դիմաց բերման են ենթարկել մանկապարտեզի բակում, հիմա չգիտեմ՝ ինչեր են սարքում։ Բռնապետություն, ուրիշ բան չեմ կարող ասել»,–ասել է Վարդան Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը նախկինում ևս անցել է տարբեր քրեական գործերով։ Եղել է կալանքի տակ։