ՀՀ–ում 2025 թ–ի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը հունվարի 31–ից երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման ընդունումը պայմանավորված է 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Այսպիսով, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, 2025 թ. ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թ. ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը կբացառվեն։
Նշենք, որ ՀՀ–ի արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը հայտարարված էր 2025 թ. նոյեմբերի 24-ից մինչև 2026 թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների դեպքում` 2026 թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
