ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ազդարարված իրանական քաղաքակրթության վախճանը հետաձգվում է։ Թեհրանը, Վաշինգտոնը և Թել Ավիվը երկու շաբաթով դադարեցնում են ռազմական գործողությունները, Իրանը նույն ժամկետով բացում է Հորմուզի նեղուցը։
ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ ԿՍԿՍՎԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՍԼԱՄԱԲԱԴՈՒՄ, որը հանդես է եկել որպես երկշաբաթյա խաղաղության հաստատմամ միջնորդ: Ամերիկացիները պատրաստ են բանակցությունների հիմք ընդունել իրանցիների նախաձեռնած առաջարկությունների փաթեթը՝ բաղկացած 10 կետից, որոնց թվում են պատժամիջոցների չեղարկումը, փոխհատուցումների վճարումը, ուրանի հարստացման Իրանի իրավունքի ճանաչումը:
Պետք է արժանին մատուցել Պակիստանի առաջնորդներին, որոնք կարողացան հասնել դրան։ Չէ որ կանխատեսումները չէին բացառում նույնիսկ միջուկային զենքի կիրառումն ամերիկացիների կողմից։ Դա շատերին կվնասեր. Հայաստանին էլ, ի դեպ, բնավ ոչ վերջին հերթին։
Պակիստանին հաջողվեց բանակցելու համաձայնությանը հասնել ինչպես Իրանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ հարթ հարաբերությունների շնորհիվ։ X սոցցանցում Իրանի ԱԳ նախարար Արաքչին երախտագիտություն է հայտնել Պակիստանի վարչապետ Շարիֆին և ֆելդմարշալ Մունիրին՝ տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու նրանց անխոնջ ջանքերի համար:
Պակիստանը, իհարկե, միակ երկիրը չէ, որ լավ հարաբերություններում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի հետ։ Օրինակ, Հայաստանի հարաբերություններն էլ այդ երկրների հետ լավ են, բայց մտածելն անգամ ծիծաղելի է, թե Փաշինյանը կարող էր միջնորդ հանդես գալ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում. չափազանց ընչաքաղց է նման առաքելության համար։
Երկշաբաթյա զինադադարը՝ հույսով, որ կհաջողվի հասնել նաև վերջնական համաձայնության, հնարավոր չէր լինի առանց Իրանի ժողովրդի ցուցաբերած արիության: Արիություն՝ ներշնչված Իրանի առաջնորդների կողմից, որոնք չնչին իսկ թուլություն չցուցաբերեցին, չնայած ամերիկա-իսրայելական տանդեմի կողմից Իրանի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչների սպանություններին։
Այդպիսի արիությունից իսպառ զուրկ էր Հայաստանում իշխող թիմը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Դա բացակայում է նաև ներկայումս, երբ հանուն իշխանության պահպանման՝ Փաշինյանը պատրաստ է բավարարել Ալիևի բոլոր քմայքները, հասկանալով հանդերձ, որ իր պահվածքով լոկ գրգռում է վերջինիս նկրտումները։
Իրանը դիմակայեց։ Իրանցիները դուրս եկան փողոց և կենդանի վահանի պես կանգնեցին իրենց ենթակառուցվածքի օբյեկտների շուրջ։ Կենդանի վահանի շարքերում էին նաև Իրանի ղեկավարության ներկայացուցիչները։ Եվ իրեն աշխարհի ճակատագրի կերտող երևակայած, բայց արդեն նույնիսկ Եվրոպային իր դեմ տրամադրած ու աստիճանաբար պարանոյայի մեջ ընկնող ահեղ Թրամփը հասկացավ, որ գործ ունի իրենց երկրին դավաճանելու մտադրություն չունեցող մարդկանց հետ։ Նա երկնչեց ու ընկրկեց:
Թրամփը և նույնիսկ Նեթանյահուն հասկացան, որ Իրանում իշխում է բնավ ոչ ուսապարկերի թիմ, որոնք պատրաստ են ուրանալ իրենց հայրենակիցների իրավունքները հանուն հացի ու թամաշայի, հանուն լափելու և թմբուկ զարկելու։
Կարող են ասել՝ Իրանն այդքան զոհեր տվեց։ Այո։ Բայց ո՞րն է ավելի արժանապատիվ. կորուստներ կրել դիմակայելու համար, թե՞ կորուստներ կրել, որ ավելի հարմար լինի դավաճանելը։
Ձուկը գլխից է հոտում. մեզանում այդ գարշահոտ պրոցեսը շարունակվում է արդեն տարիներ շարունակ։
