Логотип

Ղազինյան․ Ամանորին ավելի շատ մարդիկ են հոսանքազրկվել, քան ներկայացնում է իշխանությունը

Երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կառավարման ներքո էր, ոչ ոք գործող իշխանություններին չէր մեղադրում, ընդհակառակը` իշխանությունն է «տակից» գեներացրել բողոքներ ընդդեմ ՀԷՑ–ի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀԷՑ–ից բողոքներ շատ են եղել, և ընկերությունն անխտիր բոլոր քաղաքացիներից գողություն է արել։

«Մարազմ է ուղղակի դրան անդրադառնալը»,– հայտարարեց նա` հիշեցնելով, որ ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը պարբերաբար հայտարարում էր, թե կան բազմաթիվ վարույթներ, սակայն մինչ օրս որևէ նորություն այդ մասով չկա։

Արդյոք իրավական գործընթաց կսկսե՞ն Փաշինյանի այս հայտարարության հետ կապված, Ղազինյանը դժվարացավ ասել` նշելով, որ այս պահին այդ հարցը քննարկվում է, սակայն իր համար դատական հայցից ավելի կարևոր է այն, որ մարդիկ ճշմարտությունն իմանան։

Ղազինյանն անդրադարձավ նաև Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, թե 2024 թ. Ամանորի գիշերը հոսանքազրկված է եղել 32 հազար բաժանորդ, իսկ 2025 թվականին՝ 9000` գրեթե 4 անգամ պակաս։

Նա ներկայացրեց իրենց ունեցած տվյալները, ըստ որոնց` 2025թ–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ 125 վթար է եղել, 117 021 բաժանորդ է հոսանքազրկվել։

ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենն անդրադարձավ նաև ՀԾԿՀ–ի` 2025 թ–ի տարեվերջին կայացրած որոշմանը, որով անփոփոխ մնաց սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը։

«Երևան ՋԷԿ–ի և ԲԷՑ–ի ֆինանսական, վարկային պարտավորությունները, որոնք այս տարի պետք է փակեին, էլի հետաձգվել են։ Այս դեպքում պետությունը կա՛մ պետք է սուբսիդավորի, որպեսզի վարկային պարտավորությունները փակվեն, կա՛մ էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա, այլ տարբերակ չկա»,– ընդգծեց Ղազինյանը։

Նա հիշեցրեց, որ գազի գնի` դոլար–դրամ փոխարժեքի տարբերության արդյունքում առաջացած 20 մլրդ դրամը կա՛մ պետք է ուղղվեր համակարգի հիմանանորոգման աշխատանքներին, կա՛մ իջեցվեր գազի սակագինը, սակայն մինչ օրս այդ գումարն ուղղվել է էլեկտրաէներգիայի սակագնի` ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի զսպելու համար։

Sputnik Արմենիա