«Տաշիր Կապիտալը» հակված չէ բանակցելու Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի` ՀՀ կառավարության ներկայացրած գնի շուրջ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը` անդրադառնալով վերջերս ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացրած իրենց հայցադիմումին, որով պահանջում են պահպանել կողմերի միջև բանակցությունների համար սահմանված ժամկետը։
«Իրավական, մարտավարական նկատառումներից ելնելով` առաջարկված գինը չենք հրապարակում, սակայն հենց ասենք` դուք էլ կզգաք` ինչ կա բանակցելու, ինչ չկա։ Մենք հակված չենք բանակցության իրենց պահվածքի, իրենց առաջարկի պատճառով։ Իրենց պահվածքն այս գործընթացի հենց սկզբից չի ենթադրում բանակցություն. երբ իրենց քայլերը գիտես` վերջում ինչին է ուղղված, բնականաբար, այդտեղ շատ խնդիրներ են առաջանում»,– հայտարարեց Ղազինյանը` ավելացնելով, որ անգամ ամաչում է հրապարակել կառավարության առաջարկած վաճառքի գինը։
«Կոնցեռն–Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը մանրամասնեց, թե ինչ հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Նրա խոսքով` օրենքով լիցենզիայի զրկվելուց հետո 3 ամսվա ժամկետ է սահմանվում բանակցությունների համար, իսկ եթե ընդհանուր հայտարարի չեն գալիս, ապա հանրային գերակա շահի տարբերակով է տեղի ունենա գործընթացը։
«Մինչդեռ մամուլում տեսաք ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությունը, թե գնում են ՀԷՑ–ի պետականացման հանրային գերակա շահի ճանապարհով։ Թե Պետրոսյանն ընդհանրապես ինչ կապ ունի այս գործընթացի հետ, անհայտ է, սակայն նա երևի չգիտի, որ 3–ամսյա ժամկետ մենք ունենք։ Հիմա այդ պատճառով դիմել ենք դատարան` հիմնավորելով, որ ՀՀ կառավարությունը 3 ամսվա ընթացքում որևէ գործողություն անելու իրավունք չունի»,– ընդգծեց փաստաբանը։
Նա տեղեկացրեց, որ բանակցությունների համար սահմանված այդ ժամկետը լրանում է մայիսի 25–ին։
«Ամեն դեպքում մենք շարունակում ենք իրավաբանորեն բանակցել։ Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած գնային առաջարկին, ապա այն ընդամենը մեկ էջանոց առաջարկ է։ Մենք խնդրել ենք կառավարությանը պարզաբանում տալ` այդ գինը համակարգչո՞վ են հաշվել, թե աբակով (հաշվային տախտակ–խմբ.)։ Այդ թիվը չենք ասելու, սակայն մտքներովդ ինչ անցնում է, մի քանի զրո հետևից հանեք, էլի մեծ է լինելու»,– ժպիտով ավելացրեց Օրբելյանը։
Հիշեցնենք, որ մարտի 27–ին առաջին ատյանի դատարանը մերժել էր «Տաշիր Կապիտալ» մեկ այլ հայց` ընդդեմ ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման ՀԾԿՀ որոշման:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Sputnik Արմենիա
