Логотип

Ղազինյան․ Քաղաքապետարանն հոսանքի միացման արժեքի 20% տուրքերը չի հանում, բայց 35%-ը թողնում է ժողովրդի վրա

Իշխանությունը հերթական անգամ փորձում է մանիպուլացնել մեր ժողովրդին: Խոսքը վերաբերվում է նոր միացման բաժանորդների վճարներին: Փաստացի իշխանության կողմից կառավարվող, բայց թղթի վրա անկախ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը 2023 թվականի ապրիլի 1-ից բազմակի անգամ թանկացրել է նոր բաժանորդների կողմից վճարվող գումարը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը:

«Հիմա, 90.000 դրամ իջեցնելով, փորձում են որպես լավություն վաճառել մեր ազգաբնակչության ու ժողովրդի վրա, բայց, 90.000 դրամ իջեցնելով, ամբողջ միացման արժեքի 35 տոկոսը մնում է մեր ժողովրդի վրա: Այսինքն՝ պետք է վճարենք մենք բոլորս, քանի-որ այն բեռ է լինելու մեր բոլորի կողմից վճարվող հոսանքի սակագնի վրա:

Բացի դրանից, քաղաքապետարանի որոշմամբ, յուրաքանչյուր գծամետր մալուխ անցկացնելու դեպքում ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է վճարեն քաղաքապետարանին 10.000 դրամ: Այսինքն՝ քաղաքապետարանը իր տուրքերը չի հանում, որը ընդհանուր միացման արժեքի մեջ կազմում է մոտավորապես 20 տոկոս, բայց 35 տոկոս թողնում է ժողովրդի վրա»,- նշել է նա:

Եզրափակելով իր խոսքը՝ Ղազինյանը շեշտել է, որ իրազեկ լինելը լավ բան է. «Ի ուրախություն ինձ, ժողովուրդը արդեն շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, բայց ամեն դեպքում իրազեկ լինելը լավ բան է»:

News.am