Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ջնջել Արցախի պատմությունը՝ այդ ճանապարհին չխնայելով անգամ իսլամական հուշարձանները։ Արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ շինաշխատանքների անվան տակ հիմնահատակ ոչնչացվել է Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղի շիական մզկիթը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն ասում է՝ թեպետ հայկական հուշարձանների, քրիստոնեական ժառանգության ոչնչացման բազմաթիվ օրինակներ կան, սա առաջին ոչնչացված մզկիթն է։

Այգեկ գյուղի շիական մզկիթը
«Հետևում ենք google earth-ի միջոցով, ունենք հուշարձանների GPS-ները, նրանց տեղադրությունները, և նոր լուսանկարներ հայտնվելու դեպքում նայում ենք, այդպիսով պարզում ենք նաև վիճակը։ Երբ համեմատում ենք 2021 և 2024թթ․ լուսանկարները, 2021թ․ մզկիթն իր տեղում էր, իսկ 2024թ․–ին արդեն մզկիթի տեղում մայրուղի է անցնում՝ Խուդաֆերի-Կուբաթլու (Սանասար)-Լաչին (Բերձոր): Եթե ճանապարհն ընդամենը 10 մետր շեղեին, մզկիթը չէր ոչնչացվի»,- ասաց Քորթոշյանը։

Մզկիթի տեղով անցնող մայրուղին
Հիշեցնում է՝ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդհատ հայտարարում է, թե հայերը 30 տարի ոչնչացրել ու պղծել են մզկիթները։ Իսկ սա իրենք իրենց ձեռքով են արել։
Ինչ վերաբերում է հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը, Քորթոշյանի խոսքով՝ որևէ հաշվարկ չկա, թե քանի հուշարձան է ոչնչացվել։ Հստակ է մի բան՝ 30 տարիների ընթացքում Արցախում տեղադրված գրեթե բոլոր հուշարձանները, հուշակոթողները ոչնչացված են։

Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին ադրեջանցիները վեր են ածել մզկիթի
«Կապ չունի՝ արցախյան պատերազմի հերոսի արձան է եղել, հասարակական գործչի, թե գրողի, այլ արվեստագետի․․․ Փորձում են ջնջել այդ 30 տարիները։ Անշուշտ, նաև ոչնչացվել են ավելի վաղ ժամանակաշրջանի հուշարձաններ, ինչպես, օրինակ, Շուշիի Կանաչ ժամը։ Բազմաթիվ հուշարձաններ էլ աղավաղվել են, որոշներից արձանագրություններն են հեռացվել, խաչքարերն են վերացվել, սակայն հստակ թիվ հնարավոր չէ ասել, որովհետև Ադրբեջանը տեղում մոնիտորինգ անել թույլ չի տալիս»,- նշեց Քորթոշյանը։

Շուշիի Կանաչ ժամը
Ասում է՝ արբանյակային լուսանկարներով տեսանելի է լինում միայն հուշարձանի ավերումը կամ շատ նկատելի վերակառուցումը, իսկ աղավաղումներն ու փոփոխություններն արձանագրելու համար իրենց թիմը մոնիտորինգ է անում համացանցում՝ լուսանկարներ փնտրելով նաև ադրբեջանցիների էջերում։ Այդպես գտնված լուսանկարներից, տեսանյութերից պարզ է, որ գոնե մինչև վերջերս Վանք գյուղի Գանձասարի վանքն անվնաս է, ինչ վերաբերում է Արցախի մյուս նշանավոր հուշարձաններին, ինչպես, օրինակ, Ամարասն է, Դադիվանքը, ստույգ տեղեկություններ չկան։

Դադիվանք
Ճարտարագետը նշում է՝ այսօր իրենց կողմից պայքարի միակ ճանապարհն Արցախի հուշարձանները հանրահռչակելն է, դրանց մասին անընդհատ պատմելը։ Թեպետ Ադրբեջանը ոտնահարում է Արցախի վերաբերյալ միջազգայնորեն ընդունված որոշումներն ու հայտարարությունները, բայց եթե հանձնվեն ու ոչինչ չանեն, վստահ է՝ Ադրբեջանն ավելի արագ առաջ կտանի Արցախի հուշարձաններն ու պատմությունը ջնջելու իր քաղաքականությունը։
