Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի Կապիտոլ Հիլում տեղի կունենա ճեպազրույց՝ հայ բանտարկյալների ազատ արձակման հնարավոր ճանապարհները ուրվագծելու նպատակով:
Ճեպազրույցի ընթացքում կքննարկվեն ԱՄՆ քաղաքականության հնարավոր տարբերակները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին օր առաջ ազատ արձակելու համար: Ադրբեջանում պահվող 23 հայ գերիների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների և 2020թ․պատերազմի գերիների ճակատագրերի վերաբերյալ միջազգային հանրության մտահոգությունը օրեցօր աճում է։
Ճեպազրույցը տեղի կունենա Ռեյբըրն Պալատի գրասենյակային շենքում:
Ճեպազրույցի ընթացքում ելույթ կունենան հիմնախնդրով զբաղվող չորս բանախոսներ՝
Սիրանուշ Սահակյան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն,
Ջարեդ Գենսեր, Perseus Strategies-ի գործադիր տնօրեն,
Գառնիկ Քերքոնյան, Kerkonian Dajani LLP-ի գործընկեր,
Քեն Հաչիկյան, Հայկական իրավական կենտրոնի նախագահ։
Ճեպազրույցի նպատակն է ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել հայ բանտարկյալների նկատմամբ Ադրբեջանի վարվելակերպին։
Ճեպազրույցը կազմակերպվում է Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեի (Armenian National Committee of America) և Հայկական իրավական կենտրոնի կողմից (Armenian Legal Center):
Լրացուցիչ տեղեկատվություն․
Եվրոպական խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է բանաձև՝ դատապարտելով «հայ գերիների ապօրինի բանտարկումն ու կեղծ դատավարությունները» և կոչ անելով նրանց անմիջապես ազատ արձակել:
Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների ուժեղացումից հետո նոր մտահոգություններ են ի հայտ եկել, Բաքուն նաև պահանջել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դադարեցնի գործունեությունը Ադրբեջանում՝ կտրելով կապի կարևոր ուղին գերեվարված բանտարկյալների հետ։
News.am