Логотип

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները «մասամբ» վերադարձել են Իրան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները վերսկսել են ստուգումներն իրանական մի շարք միջուկային օբյեկտներում, սակայն տեսչական ռեժիմի ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ է Թեհրանի հետ հետագա աշխատանք: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կառավարիչների խորհրդի նիստում հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

«ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները վերադարձել են ԻԻՀ, ստուգումներ և նախագծային տեղեկատվության ստուգումներ անցկացրել բազմաթիվ օբյեկտներում, որոնք չեն տուժել հունիսյան ռազմական հարձակումների հետևանքով։ Սակայն լիարժեք տեսչական ռեժիմի վերականգնման համար պահանջվում է ավելի ակտիվ փոխգործակցություն, այդ թվում՝ հասանելիություն տուժած օբյեկտներին, որպեսզի Իրանը կատարի Միջուկային սպառազինության չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները»,- ասել է Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում իր բացման ելույթում։

Նա հավելել է, որ պարբերաբար շփվում է Թեհրանի հետ։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է արել Իրանին ապահովել գործակալության հասանելիությունը վնասված օբյեկտներին, հատկապես ցածր և բարձր մակարդակի հարստացվածություն ունեցող ուրանի պաշարներին, որոնց կարգավիճակը հրատապ պարզաբանում է պահանջում:

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ: Օդուժը և դիվերսիոն խմբերը թիրախավորել են Իրանի ատոմային օբյեկտները, ավիաբազաները, ռազմական հրամանատարությանը, ականավոր միջուկային ֆիզիկոսներին:

Իրանը հերքել է մեղադրանքները և միաժամանակ Իսրայելին պատասխանել իր հարձակումներով։ Կողմերը միմյանց տարածքներին 12 օրվա ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել, որոնց միացել է նաև ԱՄՆ-ը՝ հունիսի 22-ի գիշերը մեկանգամյա հարձակում իրականացնելով Իրանի միջուկային օբյեկտների վրա: Թեհրանը հունիսի 23-ի երեկոյան հրթիռային հարվածներ է հասցրել Կատարում ամերիկյան Էլ Ուդեյդ ռազմակայանին՝ հայտարարելով, որ մտադիր չէ հետագա էսկալացիայի գնալ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանից հետո հույս է հայտնել, որ Կատարում ամերիկյան ռազմակայանին հարվածելով՝ Իրանը «հանգստացել է», և Մերձավոր Արևելքում արդեն հնարավոր է խաղաղության և համաձայնության հասնել:

Sputnik Արմենիա