Логотип

ՄԱԶԱԼՈՒ ՄԱՐԴԻԿ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղեկատվական ծառայանին՝ նպատակ հետապնդելով վարկաբեկել Եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում անցկացնելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումը, չկարողացավ հորինել ավելի լավ բան, քան սարսափելի պատմություններն այն մասին, թե Ավստրիայում տեր ու տնօրեն է ամենահաս ԿԳԲ-ն…

ՊԱՐԶՎՈՒՄ Է, ԻՆՉՊԵՍ ԳՐՈՒՄ Է MEDIANEWS ԿԱՅՔԸ, ԻՍԿ ՆՐԱ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ՝ վարչապետին նվիրված նաև մյուս ռեսուրսները, Ավստրիայում «օտարերկրյա հատուկ ծառայությունները, հատկապես՝ ռուսական, գործել են գրեթե անպատիժ, անվտանգ միջավայր ստեղծելով գաղտնի կապերի և փակ համաձայնությունների համար»։ Որպես ապացույց կայքի նյութում բերվում է հետևյալ փաստարկը. «Ավստրիայի արդարադատության նախարար Ալմա Զադիչը հայտարարել է օրենսդրական բացերը վերացնելու անհրաժեշտության մասին, փաստացի ընդունելով այն իրողությունը, որ երկիրը լրտեսության կենտրոն է»:

Այսինքն օրենսդրական խնդիրները վերացնելու անհրաժեշտության մասին Ավստրիայի արդարադատության նախարարի հայտարարությունը նշանակում է, թե Ավստրիան լրտեսության կենտրո՞ն է, հատկապես՝ ռուսական… Ո՞նց այստեղ չհիշենք մեծն Էյնշտեյնին, որն ասում էր, որ սահմաններ չունեն միայն տիեզերքն ու հիմարությունը, ընդ որում տիեզերքի պարագայում Նոբելյան դափնեկիրն այնուամենայնիվ այնքան էլ վստահ չէր:

Ընդհանրապես, որքան ավելի են մոտենում ընտրությունները, այնքան ավելի ակնբախ է դառնում իշխող թիմի գաղափարախոսների հիմարությունը։ Եվս մեկ օրինակ: Ստյոպա Սաֆարյանը կոչ է անում արգելել լեգենդար «Արարատ-73»-ին նվիրված «Ոսկե դուբլ» ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում, քանի որ, ըստ «մեծ վերլուծաբանի», այդ ֆիլմը կոչված է տրամադրել Հայաստանի քաղաքացիներին ընդդեմ Ուկրաինայի… Ժամանակին նույն այդ վերլուծական ունակություններով օժտված ընկերը «լրագրողական հետաքննություն» էր անցկացնում «հոկտեմբերի 27»-ի գործով։

Դե, եթե ցած ենք գլորվել այն աստիճան, որ ֆիլմեր արգելենք, ապա ավելի լավ է սկսել «Կեսգիշերային ճեպընթաց»-ից, որն այնքան ճշգրիտ է նկարագրում թուրքական բարքերը, որ Թուրքիայի ԱԳՆ-ը բողոքում է այլ երկրներում ֆիլմի ցուցադրության դեմ… Միգուցե Հայաստանի ԱԳՆ-ը աջակցի՞ թուրք գործընկերներին, և Անկարան վերջապես բացի հայ-թուրքական սահմանը Ռուբեն Ռուբինյանի հերթական արձակուրդային սեզոնի նախօրեին:

Ի դեպ, ինչպե՞ս կարձագանքեին իշխանությունները, եթե Եպիսկոպոսաց ժողովը որոշվեր անցկացնել Թուրքիայում: Կարծում ենք ՝ միայն ոգևորված կողջունեին, նույնքան ոգևորված, ինչպես որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էր Դավոսում պանելային քննարկումների ընթացքում շնորհակալություն հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը մինչ այդ պատմում էր, թե ինչպես է «վերականգնել արդարությունը» Արցախում, ու թեև կարող էր «ավելի հեռուն գնալ», կանգ է առել հանուն խաղաղության…

Փաշինյանի հայտարարած «չորրորդ հանրապետության» մեկ այլ անեկդոտն էլ այն է, երբ ՀՀ ԱԱԾ օպերատիվ ծառայողները վարչապետի հրահանգով «բացատրական աշխատանք» են տանում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների հետ։

Առհասարակ տրամաբանական կլիներ, որ հոգևորականները բացատրական զրույցներ վարեին օպերատիվ ծառայողների հետ, հորդորեին նրանց մեղքեր չգործել, չգերազանցել լիազորությունները, չծառայել չար գործերին և ուժերին… Այ դա նորմալ կլիներ: Բայց Նիկոլ Փաշինյանի անվան անհեթեթ պետությունում օպերատիվ ծառայողներն են բացատրական զրույցներ վարում հոգևորականների հետ՝ ուսուցանելով, թե ինչպես ճիշտ մատուցել պատարագները և ինչու:

Հ.Գ.-Հնարավոր է, որ Եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում անցկացնելու Գարեգին Բ-ի որոշման առթիվ իշխանությունների վրդովմունքը կապված է այդ երկրի նկատմամբ Փաշինյանի բացասական հույզերի հետ։ Չէ՞ որ հենց Ավստրիայի մայրաքաղաքում 2019-ի մարտի վերջին տեղի ունեցան Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի այն բանակցությունները, որոնց ընթացքում, Ջեյհուն Բայրամովի պնդմամբ, Փաշինյանն արդարանում էր Ալիևի առջև, պնդելով, որ իրեն՝ Փաշինյանին, կսպանեն, եթե լուծի Արցախի հարցը… Փաշինյանն, ի դեպ, այդ պնդումն այդպես էլ չհերքեց։