Логотип

Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով. Նա կալանավորվել է

Քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՔԿ–ից՝ անդրադառնալով Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի ձերբակալությանը։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ նախօրեին իրավապահները դատարանի թույլտվությամբ խուզարկություններ են իրականացրել Մալաթիայում հայտնի ոսկու շուկայի տնօրեն Զոհրաբ Ասատրյանի բնակության և աշխատանքի վայրում։

Ըստ Shamshyan.com–ի, կատարված խուզարկությունների ընթացքում Զ․ Ասատրյանի աշխատասենյակում հայտնաբերվել է ընդհանուր 0.31 գ. սպիտակ բյուրեղանման զանգված, «Զիփ» փաթեթ՝ լցված 1.08 գ. քաշով սպիտակ փոշենման զանգված և ապակյա գլանակ՝ սպիտակ հետքերով։ Զ․ Ասատրյանի բնակության վայր՝ Կուրղինյան փողոցի սեփական տան խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ, 2 պահունակ, 9 մմ տ/չ 36 հատ փամփուշտ և 1 հատ 7․62 մմ տ/չ փամփուշտ, կողային համարը մաքրված «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահեստատուփում առկա 2 փամփուշտով, օդամղիչ ատրճանակ, 2 տարա, որոնց մեջ առկա են եղել մանր արծաթագույն փամփուշտներ, թուր՝ պատյանով, 6 կաթոցիչ, 10 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, «Տրամադոլ» գրառմամբ 16 դեղահաբ, 2 արկղ՝ դեղնականաչավուն զանգվածով, տուփով՝ դեղահաբերով, 6 գլանակ՝ որոնց թափանցիկ հատվածներից տեսանելի է հեղուկանման զանգված և «TH» գրառմամբ դեղահաբ, փաթեթ՝ 1․26 գ. դեղնականաչավուն զանգվածով, տարրա՝ խոտանման հետքերով, ապակե գլանակ՝ մոխրացած հետքերով, 2 փաթեթ՝ դեղնականաչավուն հետքերով։

Զ․ Ասատրյանին իրավապահները հայտնաբերել են նույն օրը Վանթյան 61 հասցեում, որտեղից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու և ապօրինի զենք զինամթերք պահելու կրելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Ավտոքարշակներով ոստիկանության Մալաթիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել Զ․ Ասատրյանի «Range Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Նշենք, որ Ասատրյանը Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի մոտ ազգականն է։