Логотип

Մակրոնը հայտարարել է նոր կառավարության կազմը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը նոր կառավարություն է ձևավորել՝ թիմ կազմելով վարչապետ Սեբաստիեն Լեկորնուի գլխավորությամբ, որը փորձում է երկիրը դուրս բերել քաղաքական ճգնաժամից, հաղորդում է AFP-ն։

Կաբինետի նոր կազմը ներկայացվել է Լեկորնուի՝ Մակրոնի օրոք յոթերորդ վարչապետի նշանակումից գրեթե մեկ ամիս անց։ Ներկայիս վարչապետը ռիսկի է դիմում տապալվելու ընդդիմության կողմից՝ խորհրդարանում առկա խորը պառակտման պայմաններում՝ չնայած կուսակցությունների աջակցությունը ստանալու իր ջանքերին։

Բրունո Լը Մերին, որը 2017-ից 2024 թվականներին զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, նշանակվել է պաշտպանության նախարար։ Ռոլան Լեսքյուրը նշանակվել է էկոնոմիկայի նախարար, նրան է վերապահվել բյուջետային պլանի մշակման բարդ խնդիրը։ Շատ այլ առանցքային նախարարներ պահպանել են իրենց պաշտոնները։ Արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բառոն պահպանել է իր պաշտոնը, հայտնել են նախագահի վարչակազմից։

Ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն, որը խոստացել է պայքարել ապօրինի ներգաղթի դեմ, և արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը մնացել են իրենց տեղերում։ Ռաշիդա Դատին՝ մշակույթի սկանդալային նախարարը, որը հաջորդ տարի կկանգնի դատարանի առաջ կոռուպցիայի մեղադրանքով, նույնպես մնացել է իր պաշտոնում։

Ֆրանսիան փակուղում է հայտնվել այն բանից հետո, երբ անցյալ տարվա կեսերին Մակրոնը խաղադրույք արեց վաղաժամկետ ընտրությունների վրա՝ հույս ունենալով ամրապնդել իր իշխանությունը։ Այս քայլը հակառակ արդյունք տվեց. ընտրողներն ընտրեցին մի խորհրդարան, որը բաժանված էր երեք մրցակցող բլոկների միջև։

Լեկորնուի երկու անմիջական նախորդները՝ Ֆրանսուա Բայրուն և Միշել Բարնիեն, հեռացվեցին պաշտոնից Ֆրանսիայի բյուջետային խնայողությունների պատճառով օրենսդրական առճակատման արդյունքում։ Երեքշաբթի օրը Լեկորնուն նախատեսում է խորհրդարանում ելույթ ունենալ ընդհանուր քաղաքականության վերաբերյալ։ Մի քանի ձախակողմյան կուսակցություններ սպառնացել են անվստահություն հայտնել Լեկորնուին։

News.am