2 տարվա ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում ենթակառուցվածքների 90%-ն ավերվել է, այնտեղ նորմալ կյանքը փաստացի անհնար է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության ներկայացուցիչ Ադնան Աբու Հասնան։
«Պատերազմն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերել է Գազայի հատվածի ավելի քան 90 %-ը, ենթակառուցվածքներ գրեթե չեն մնացել։ Այլևս չկա ո՛չ ջուր, ո՛չ էլեկտրականություն, ո՛չ կոյուղատար համակարգ», – պարզաբանել է Հասնան։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ Գազայի հատվածում բնականոն կյանքը գրեթե դադարել է, տեղահանվել են ավելի քան 2 միլիոն պաղեստինցիներ, նրանցից ոմանք Գազայի հատվածում վերաբնակեցվել էին ավելի քան 15 անգամ:
«Գազայի հատվածում սով է, հատկապես Գազա քաղաքում, որտեղ կես միլիոն մարդ սովամահ է լինում։ Հարյուրհազարավորները ստիպված են եղել տեղափոխվել Գազայի հատվածի հարավ», – հավելել է Հասնան։
Հիշեցնենք` Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Sputnik Արմենիա